ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի 300-րդ միջոցառումը հուլիսի 18-ին կայացավ Տավուշի մարզի Բերդ համայնքի Մշակույթի տանը. հոբելյանական ելույթն այս անգամ վիճակվեց Հայաստանի պետական կամերային երգչախմբին (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան):
Երգչախումբը երկու օր համերգներով հանդես եկավ Բերդ, Մովսես համայնքներում, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ Բերդի և Մեհրաբի զորամասերում:
2017թ. հունվարի վերջին մեկնարկած «Մշակութային կանգառ» ծրագիրը շրջել է Հայաստանի ավելի քան 90 համայնքներում՝ ներկայացնելով ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպությունների թատերահամերգային ծրագրերը, կինոցուցադրությունները, ցուցահանդեսները:
Այս ընթացքում Հայաստանի մարզերի և Արցախի շուրջ 42 հազար արվեստասերների հնարավորություն է ընձեռվել ներկա գտնվելու նախարարության 35 ՊՈԱԿ-ների ներկայացրած մշակութային միջոցառումներին: