Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բաքուն որոշել է Լապշինի գինը՝ «քարվաճառյան ճիվաղ» Ասկերովը». Գագիկ Համբարյան

22:10, կիրակի, 16 ապրիլի, 2017 թ.
«Բաքուն որոշել է Լապշինի գինը՝ «քարվաճառյան ճիվաղ» Ասկերովը». Գագիկ Համբարյան

Այն, որ բլոգեր Լապշինն առուծախի առարկա է դառնալու Բաքվի համար պարզ էր: Սակայն դժվար էր կռահել, թե երբ է Ալիևը իր գինն ասելու: Այսօր արդեն Ալիևն իր «շուրթերից» մեկի գրչով այդ գինը ներկայացրել է շահագրգիռ կողմերին:

Բոլորին հայտնի է, որ ազերի նախկին ընդդիմադիր լրագրող և Ալիևների ընտանիքի ոխերիմ թշնամի Էյնուլա Ֆաթուլաևն, ով իր հայացքների համար Բաքվի բանտում մի լավ «պատժվելուց» հետո ազատ արձակվեց, հիմա դարձել է նույն Իլհամի ընտանիքի սազանդարը և Իլհամի ոչ պաշտոնական մամլո խոսնակը: Այն, ինչ չի կարելի բացեիբաց առաջարկել և խոսել, Իլհամ բաբան անում է Էյնուլայի շուրթերով: Նշեմ,որ այդպիսի «շուրթերի» դեր են տանում բազմաթիվ ազերի երեսփոխաններ, լրագրողներ, պաշտոնյաներ և քաղաքագետներ:
     Այսօրվա իր հոդվածներից մեկում Ֆաթուլաևն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի մամլո խոսնակ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որ ՌԴ-ն հետևում և վերահսկողության տակ է պահում բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործը: Ալիևի մանկալվիկին դա բացարձակ դուր չի եկել: Ու Էյնուլան ավելի լավ բան չի մտածել, քան համեմատել բլոգեր Լապշինի գործը մարդասպաններ Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի գործի հետ և հարցնել տիկին Զախարովային, թե ինչու՞ վերջինս նաև չի հետևում ՌԴ քաղաքացի Դիլգամ Ասկերովի գործին: Ֆաթուլաևին դուր չի եկել այն, որ ՌԴ-ն չի արձագանքել ալամ աշխարհի ամենահզոր նախագահ Իլհամ բաբայի խնդրանքին և չի միջնորդել ՀՀ-ի իշխանությունների առաջ, որ վերջիններս ազատեն ՌԴ քաղաքացի Դիլգամ Ասկերովին: Ֆաթուլաևն իր հոդվածում ընթերցողների հատուկ հիշեցնում է, թե ինչպես է նախագահ Ալիևը ՌԴ նախագահ Պուտինին փոխանցել Ասկերովի ընտանիքի նամակը և խնդրել ջանքեր գործադրել ազատ արձակելու Ասկերովին:
     Հիշեցնեմ, որ Ադրբեջանի նախագահը ջանք ու եռանդ չի խնայում, որ ազատության մեջ տեսնի ազերի մարդասպաններ Դիլգամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին, որոնք 2014 թ-ի հուլիսին «մեկնել» էին Քարվաճառ՝ ծնողների գերեզմաններին այցելության և ձեռքի հետ էլ սպանել էին երկու մարդու:Ձերբակալված ազերի մարդասպանները դատապարտվեցին ազատազրկման:
     Միայն Ֆաթուլաևի նման նողկալի արարածը կարող է Լապշինի գործը համեմատել մադասպանների գործի հետ, որոնք երեքով սպանել էին 17-ամյա դեռահասի և մի կնոջ: Չնայած, ինչ կարելի է սպասել Ֆաթուլաևից և իր ազգակիցներից, եթե Բաքվում հայ սպանողին հերոսացնում են: Տկարամիտ Էյնուլան մտածում է, որ ՌԴ-ում տեղյակ չե՞ն իրենց քաղաքացու «հերոսություններից»: Շատ լավ տեղյակ են և գերադասում են չբարձրաձայնել, քանի որ դրա նմանին պաշտպանելը խայտառակություն է: Բաքվում մտածում են, որ եթե իրենք մարդասպաններին հերոսացնում են, ապա նույնն էլ պետք է անեն այլ երկրներում, որոնց ազերի քաղաքացիների հանցագործություն են գործում այլ երկրների տարածքում:
     Սակայն այս «հոդվածից» մի բան պարզ դարձավ: Բաքուն Մոսկվային շատ պարզ հասկացնում է, որ եթե վերջինս ցանկանում է տեսնել Լապշինին ազատության մեջ, ապա պետք է իր հնարավորություններն օգտագործի և փորձի արցախյան բանտից ազատել Դիլգամ Ասկերովին: Բաքվի այս խաղի մեջ ներքաշված են նաև Ուկրաինան և Իսրայելը: Զարմանալի մի բան նկատվեց երեք «հայրենիքների» քաղաքացի Լապշինի՝ Բելառուսում ձերբակալության և Ադրբեջան հանձնման հետ կապված: Իսրայելը, որը ԵՐԲԵՔ չի թույլ տալիս,որ իր քաղաքացիներին նսեմացնեն որևէ երկրում, մի քանի թատերական բնույթի հայտարարություններ արեց Լապշինի պահով և վերջ: Իսկ պաշտոնական Կիևն ընդհանրապես լռեց: Ակտիվ է մնում միայն Մոսկվան: Որքան կարելի է կռահել, Լապշնի «խայծը» կուլ են տվել միայն ՌԴ-ում ու հիմա Իլհամ Ալիևն իր կամակատարների միջոցով առաջարկում է Լապշինի ազատագրման գինը՝ դա մարդասպան Ասկերովի ազատ արձակումն է...Պրիմիտիվ Էյնուլային կարելի է շնորհակալություն հայտնել, որ վերջապես բացահայտեց Լապշինի շուրջ ընթացող այս խաղի դերակատարներին և նրանց ստանձնած դերերը:
     Հուսով եմ, Հայաստանի և Արցախի իշխանությունները ԵՐԲԵՔ թույլ չեն տա, որ Ալիևի առաջարկած այս գործարքը տեղի ունենա և Ադրբեջանն ունենա նոր ազգային հերոս: Ասկերովի և Գուլիևի տեղը իրենց ընկերոջ՝ Հասանովի կողքին՝ փոսի մեջ: Միայն այդտեղ կարող են հանգրվանել քնած մարդուն սպանողները, դեռահասին մորթազերծ անողները և կնոջը գնդակահարողները: Իլհամ Ալիևի հերոսներ Ասկերովը և Գուլիևը ոչնչով չեն տարբերվում «բուդապեշտյան ճիվաղ» Ռամիլ Սաֆարովից...
     Հ.Գ. Ի դեպ,առաջին անգամը չէ,որ Իլհամ Ալիևը գին է առաջարկում Գուլիևի և Ասկերովի համար... АPА գործակալության հաղորդմամբ՝ 2014 թ-ի օգոստոսի վերջին Ադրբեջանի փոխվարչապետ, Ադրբեջանի փախստականների և հարկադրված տեղափոխվածների պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը հայտնել էր, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի պաշտպանության նախարարությանն առաջարկել է Ադրբեջանում գտնվող, 5 հոգուց բաղկացած հայկական ընտանիքը և Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դիակը փոխանակել Շահբազ Գուլիևի, Դիլգամ Ասկերովի, նաև Հասան Հասանովի դիակի հետ: Սակայն պաշտոնական Երևանը և Ստեփանակերտն անդրդվելի էին...Բաքվին փոխանցվեց միայն Հասանովի լեշ:
     Այս երեք տարիների ընթացքում Բաքուն «կենացները» թանկարցրեց և փորձում է Լապշինի ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքը օգտագործել իր ուզածին հասնելու համար:
     Լապշինի ձերբակալման համար Հայաստանը և Արցախը արդեն պատասխանել և պատժել են Ադրբեջանին: Վերջերս Արցախ այցելեցին շուրջ 30 հայտնի բլոգերներ և լրագրողներ: Այդ շռնդալից ապտակը Բաքվում դեռ չեն մարսել և գերադասում են լռել: Արցախը տեղեկատվական շրջափակման Բաքվի փորձերը ձախողվեցին: Հիմա էլ Ալիևը ուզում է օգուտ ստանալ Լապշինից, որը, համոզված եմ, ևս կձախողվի:

17759 | 0
Facebook