Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը հանդես է եկել կտրուկ հայտարարությամբ` նշելով, որ Թուրքական զորքերը Սիրիա են մտել «դաժան բռնակալ Ասադի իշխանության տապալման համար»:
Այս հայտարարությունը, եթե ոչ մտավախությունների, ապա գոնե լուրջ լարվածության առիթ է դարձել պաշտոնական Մոսկվայի համար, որն Ասադի դաշնակիցն է և Թուրքիայում ռուսական ինքնաթիռի ոչնչացումից հետո նոր-նոր է կարգավորել հարաբերությունները Անկարայի հետ:
Էրդողանի հայտարարությունը մեկնաբանելով` ՌԴ Պետդումայի արտաքին հարցերով հանձնաժողովի ղեկավար Դմիտրի Նովիկովը РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է. «Էրդողանի այդ հայտարարությունը հազիվ թե նպաստի սիրիական կարգավորմանը, հակառակն, այն ավելի կխոչընդոտի այդ գործընթացը: Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է. Ասադն օրինական ընտրված նախագահ է, իսկ ահաբեկչության դեմ, այո, պետք է պայքարել»:
ՌԴ արտգործնախարարությունում Газета-ի աղբյուրը հայտնել է, որ ակնհայտ է` Էրդողանի հայտարարությունը հաջորդել է Պուտինի հետ օրերս ունեցած հեռախոսազրույցներին: «Կասկածում եմ, որ Էրդողանը կանցնի սիրիական պատերազմի սահմանագիծն, ու 2 առաջնորդները փորձել են ընդհանուր լուծում գտնել»,- ասել է աղբյուրը:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել նոյեմբերի 25-ին և 26-ին, երբ սիրիական զորքերը հարված են հասցրել թուրք զինծառայողներին, ինչի հետևանքով թուրքական բանակի 3 զինծառայող է զոհվել: «Էրդողանը կարծում է, որ դա արել են սիրիական զորքերը` Ռուսաստանի բանակի աջակցությամբ: Ավելին, Էրդողանը հասկանում է, որ Հալեպի համար մղվող պայքարն առանցքային է, ու այդ ժամանակ Ասադը հիմնովին կամրապնդի իր դիրքերը Սիրիայում»,- հավելել է աղբյուրը: Նա հիշեցրել է, որ Էրդողանը բազմիցս է հայտարարել, որ պաշտպանում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը, բայց նա դրան հասնելու հարցում այլ ընկալումներ ունի: «Պետք է հասկանալ, որ դիմակները պատռված են, Էրդողանը հայտնել է իր իրական ձգտումների մասին, և Ռուսաստանը դրան պատրաստ կլինի: Իրադարձությունների այսպիսի զարգացման դեպքում Սիրիայի հարցով ռուս-թուրքական պայմանավորվածությունները կարող են չեղյալ հայտարարվել»,- եզրափակել է Газета-ի զրուցակիցը:
Հարկ է նկատել, որ վերջին օրերին բազմաթիվ ենթադրություններ կան, որ Դամասկոսն ու Մոսկվան ցանկանում են իրենց լիակատար հսկողության տակ առնել ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Հալեպը, քանի դեռ ԱՄՆ-ում իրենց լիազորությունները չեն ստանձնել նոր նախագահն ու նրա աշխատակազմը: Այս նպատակի իրականացումը բանակցային գործընթացում կամրապնդի Ռուսաստանի դիրքերը:
Վաշինգթոնի առաջատար Gulf State Analytics-ի փորձագետ Թեոդոր Քարսիքայի խոսքերով` Թուրքիան ցանկանում է «մի կտոր կարկանդակ պոկել» ու այն իր դաշնակից ՆԱՏՕ-ի աչքերում անզոր տեսք չունի: Այնուամենայնիվ, փորձագետը հայտարարել է. «Թուրքիան հազիվ թե կարողանա կյանքի կոչել իր սպառնալիքները: Ասադի տապալումը կնշանակի անմիջական առճակատում Ռուսաստանի հետ, ինչն Էրդողանն, անշուշտ, չի ուզում: Ասադի տապալման գաղափարից վաղուց հեռացել է նաև ԱՄՆ-ը»:
Հավելենք, որ վերլուծաբանների մեծ մասի կարծիքով` Էրդողանի հայտարարությունը սոսկ հռետորաբանություն է` ուղղված նախ թուրքական ներքին, ապա միջազգային լսարանին: