Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ո՞վ է որոշել 50 հազար դրամով տուգանել այս աղքատ ժողովրդին». Տիգրան Հովհաննիսյանը` լիցենզավորման խնդրի մասին

12:20, ուրբաթ, 28 հոկտեմբերի, 2016 թ.
«Ո՞վ է որոշել 50 հազար դրամով տուգանել այս աղքատ ժողովրդին». Տիգրան Հովհաննիսյանը` լիցենզավորման խնդրի մասին

«Մարդկանց ատելությունը հասել է գագաթնակետին»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով անհատ տաքսու վարորդների կողմից լիցենզիա հանելու խնդրին, խոստովանեց «Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Նա նշեց, որ Գյումրու բողոքի ակցիան դրա վառ օրինակն էր և իր վրդովմունքը հայտնեց առ այն, որ անհատ տաքսու վարորդների առաջ ժամանակ է դրված` երկու շաբաթվա ընթացքում պարտադիր լիցենզիա հանել: «Պատկերացնո՞ւմ եք, այդ ընթացքում վարորդը չպիտի մեքենա վարի, այսինքն` չպիտի աշխատի, եթե վարի` կբռնեն և կտուգանեն, ինչը 50 հազար դրամ է…: Ավելին ասեմ` վարորդներին գաղտնի են նկարում. այդ քայլն, իմ կարծիքով, ո՛չ մարդկային է, ո՛չ բարոյական. նույնիսկ ավտոմեքենան չեն կանգնեցնում գոնե հարցնեն` տաքսի՞ ես վարում, թե՞ ոչ…: Արձանագրությունը նման դեպքում պետք է անվավեր ճանաչել, որովհետև մարդուն նկարում ու փախչում են»,- ասաց նա:
     Հարցին, թե լիցենզիայի համար որքան գումար է հարկավոր, Հովհաննիսյանն ասաց, որ մոտավորապես 100 հազար դրամ: Մեր դիտարկմանը, թե Տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանն այլ բան է ասում, վստահեցնում է, թե դա մեծ ծախսերի հետ կապված չէ, մեր զրուցակիցը զայրացավ. «Մելքոնյան Դավիթին ես կոչ եմ անում սուտ չխոսի ամեն անգամ: Նրան թե՛ տաքսի սերվիսի տնօրենները, թե՛ անհատներն արդեն մի քանի անգամ զգուշացրել են, որ դու ուղղակի սուտ մի խոսիր և խաբեբայությամբ մի զբաղվիր: Դավիթ Մելքոնյանի ամենամեծ սուտ հայտարարությունը ոստիկանությունում արված հայտարարությունն է, այն, որ իբր Հայաստանում կա 20 000 լիցենզավորված տաքսու վարորդ, այնինչ առ այսօր լիցենզավորվել են դեռ 8 000-ը, իսկ 8 000-ի 80%-ն էլ չի վճարում ամսական 10 000 դրամը»:
     Տիգրան Հովհաննիսյանին խնդրեցինք նշել, թե լիցենզիա հանելու համար առանձին վերցրած ի՞նչ ծախսեր է հարկավոր անել: «Հաշվիչ տեղադրելը 7 000 դրամ է, մոտ 10 000 դրամ գազաբալոնային համակարգի տեղեկանքն է, փաստաթղթերն առանձին, 12 000 դրամ պետական տուրքը, 3 000 չափագիտության տեղեկանքը, տաքսու համար շտապ ապահովագրությունը` 50-60 հազար դրամ, տաքսի վարելու համար պահանջվող համապատասխան բոլոր նշանները` կողքի գծային նշանները և այլն, միասին արժեն մոտ 20 000 դրամ»,- ներկայացրեց նա` հավելելով. «Իրենք անգամ չեն կարողանում հիմանավորել, թե ինչի համար են պահանջում 50 հազար դրամը և 12 հազար պետական տուրքը, որ պետք է վճարեն ամսական: Եվ վերջապես, ո՞վ է այդ որոշումը կայացրել: Միայն ասում են` օրը 400 դրամ պետք է հետ գցեք, ի՞նչ փող է որ, բայց ոչ ոք չի ասում` չէ որ էս մարդիկ գազ են ծախսում, տուն են պահում, ինչպե՞ս են այդ գումարները հայթայթելու, ո՞վ է որոշել 50 հազար դրամ տուգանել այս աղքատ ժողովրդին»:
     Հարցին, թե որն է ապա ելքը, «Ավտովարորդների իրավունքների պաշտպանություն լիգա»-ի նախագահն ասաց. «Ուղղակի մենք արդեն այնքան ենք հոգնել այս միմյանց փոխարինող նախարարների գործունեությունից, որ զրոյից պետք է սովորեցնենք, բացատրենք, ծանոթացնենք մեր խնդիրներին, բայց նրանք բոլորը գող են. գալիս են, ՀԿ-ներից կորզում են նրանց խնդիրները, հետո վազում, Համաշխարհային բանկից փող ուզում, որ մակերեսային փոփոխություն անեն, մարդկանց աչքերին թոզ փչեն»:
     «Մենք արդեն իսկ ուզում ենք հետ հանձնել մեր լիցենզիաները և պատրաստվում ենք մոտակա ժամանկաընթացքում հավաքվել կառավարության շենքի մոտ` պահանջելու հաշվեհամար` ազատամարտի վետերանների և բանակ-հասարակություն կապն ամրապնդելու համար…: Դրա համար մեր կողմից վճարվող գումարները` 6000-5000 դրամները, որոնք հենց այնպես տալիս ենք պետությանը, կներդնենք մի լավ գործի իրականացմանը` կուղղենք ազատամարտի վետերանների խնդիրներին: Սա է լինելու մոտակա շաբաթների ընթացքում մեր առաջիկա քայլը: Այդ գումարի մի մասով էլ, նպատակ ունենք ապագայում արհմիություն ստեղծել, նաև` ուղևորափոխադրող վարորդների դպրոց, որպեսզի մարդիկ դասընթացներ անցնեն, որակավորվեն: Մեզ պետք են որակով տաքսիստներ, իսկ այսօր գիտեք, մասնագետներից բացի այս ոլորտում կան և՛ ոստիկաններ, և՛ քաղծառայողներ, ով ասես կա: Ուստի, կարծում եմ, ոչ մի լիցենզավորման կարգ շուտափույթ հանել չի կարելի»:

3567 | 1
Facebook