ՄԻՊ-ը ՄԱԿ-ի գրասենյակին է ներկայացրել Արցախի նկատմամբ Ադրբեջանի դաժանությունները
16:25, երկուշաբթի, 27 հունիսի, 2016 թ.
Հունիսի 27-ին Ժնևում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի Ամերիկայի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Ջիաննի Մագազզենիին: Ա. Թաթոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակին է ներկայացրել ապրիլի սկզբին Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիայի ընթացքում Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարված մարդու իրավունքների հիմնարար խախտումները, Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում տեղ գտած դաժանությունների կոնկրետ օրինակները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ ազգությամբ հայերի նկատմամբ ատելություն և բռնություն սերմանող ադրբեջանական ագրեսիվ քաղաքականությունը կործանարար է միջազգային քաղաքակակիրթ ողջ իրավապաշտպան համակարգի համար: Այդ քաղաքականությունն Ադրբեջանում խրախուսվում է պետական մակարդակով: Ա. Թաթոյանը կարևորել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավման անհրաժեշտությունը մարդու իրավունքներին առնչվող միջազգային մակարդակի հանդիպումներին ու քննարկումներին: Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ մարդու իրավունքների խախտումներն անթույլատրելի են ցանկացած պարագայում. իրավունքների պաշտպանությունը քաղաքականություն կամ սահմաններ չի կարող ճանաչել: Կողմերը քննարկել են նաև Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի կարողությունների զարգացման, գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կանխարգելիչ ակտիվ գործունեության իրականացումը երկրում մարդու իրավունքների միջազգային չափանիշների ներդրման ուղղությամբ: Նշվել է այդ առումով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և լրատվության միջոցների հետ համագործակցության կարևորությունը: Ընգծվել է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը խորհրդարանի, դատական իշխանության մարմինների և մյուս գործընկերների հետ: Հանդիպմանը քննարկվել են նաև ընտանեկան բռնության կանխարգելման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև մի շարք այլ ոլորտների վերաբերող հարցեր: |
2912 | 0