Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ցավում եմ, որ ԱԺ պատգամավորները բանավեճի կուլտուրա չունեն». Արշակ Մուսախանյանը` Վահան Բաբայանին

14:01, երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2015 թ.
«Ցավում եմ, որ ԱԺ պատգամավորները բանավեճի կուլտուրա չունեն». Արշակ Մուսախանյանը` Վահան Բաբայանին

«Մեդիա կենտրոնում» սահմանադրական փոփոխությունների քննարկմանը, «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վահան Բաբայանի հետ բանավեճի ժամանակ, նշեց, որ ընդդիմության միակ խնդիրը, որը նա երբևէ ունեցել է, կապված է եղել ընտրական համակարգի հետ: Եվ հարցը, ըստ նրա, ոչ թե սահմանադրական փոփոխության մեջ է, այլ` ազատ, արդար մրցակցային ընտրություններ կազմակերպելու: «Ի՞նչ վատ ընդդիմություն էր՝ ընդամենը 7-8 ամիս առաջ գոյություն ունեցող ընդդիմությունը, երբ դրա մի մաս էր կազմում նաև պարոն Բաբայանը (նկատի ունեմ Եռյակի ձևաչափը, որը քաղաքական լուրջ օրակարգ էր ձևավորում և քաղաքական լուրջ հարցեր էր բարձրացնում), և այն, ինչ կատարվեց Եռյակի հետ` դա ընդհանրապես սահմանադրական փոփոխությունների հետ կապված հարց չէր, այլ հակառակը` Սահմանադրության նորմերի խախտում: Իսկ հիմա խոսում եք, թե նոր Սահմանադրությամբ ընդդիմությանը նոր հնարավորություններ կտրվեն…»,- զարմացավ «Չեք անցակացնի»-ի անդամը:

Վ. Բաբայանը, պատասխանելով վերջինին, կարծիք հայտնեց, որ Հայաստանում երբեք ուժեղ ընդդիմություն չի եղել: «Դուք 8 ամիս առաջվա պատմություն եք ասում, դա ի՞նչ կապ ունի սահմանադրական փոփոխության հետ: Ես հիմա, որ խոսեմ 95 թվականի Ազգային ժողովի ընտրությունների կեղծիքներից, Ձեր դուրը կգա՞: Թե 8 ամիս առաջ ինչ ա եղել, Ձեզ խի ա՞ հետաքրքրում»,- ասաց Բաբայանը, ով, ի դեպ, վրդովվում էր իր գործընկերոջ գրեթե բոլոր հարցադրումներից:

Մուսախանյանն էլ տեսնելով բանախոսի բորբոքված պահվածքը` չդիմացավ. «Բայց խի՞ եք ներվային վերաբերվում իմ հարցին: Ձեր այս պահվածքն արդեն ինչ-որ բաներ ասում ա…»,- նշեց նա` ուղղելով հաջորդ հարցը. « Պարոն Բաբայան, Դուք Ձեզ ընդդիմություն համարո՞ւմ եք, թե՞ ոչ»:

Բաբայանը, սակայն, համառորեն չէր ուզում պատասխանել այդ հարցին. «Իսկ Ձեր կարծիքով, ես ինչ-որ պետական պաշտո՞ն եմ զբաղեցնում ՀՀ-ում…»: Մուսախանյանն էլ, թե` «Այսինքն, ուզում եք ասել` Դուք ընդդիմությո՞ւն եք…»: Բաբայանը` «Ես չեմ ուզում ասել: Մեր կուսակցությունն ընդդիմադիր կուսակցություն է»:

«Դուք, փաստորեն, ընդդիմություն եք, և ասում եք, որ երբեք Հայաստանում ուժեղ ընդդիմություն չի՞ եղել: Նշանակում է, Դուք Ձեզ գնահատում եք թո՞ւյլ…»,- շարունակում էր Մուսախանյանը:

Վահան Բաբայանը, ով թույլ չէր տալիս Ա. Մուսախանյանին որևէ հարց ուղղել իրեն, սպառիչ պատասխան չտվեց նրա ոչ մի հարցին և ամեն կերպ փորձում էր ընդհատել:

Վերջինն էլ` տեսնելով, որ այլևս հնարավոր չէ բանավիճել ԲՀԿ պատգամավորի հետ, արձանագրեց. «Ես ցավում եմ, որ ԱԺ-ի պատգամավորները բանավեճի կուլտուրա չունեն»:

3702 | 1
Facebook