Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իտալացի երաժիշտներ Պիերո Գեյմոնատն ու Նիկոլա Արատան «Հայ ֆեստ» փառատոնի համար գրել են «Արարատ» երգը

15:38, երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2015 թ.
Իտալացի երաժիշտներ Պիերո Գեյմոնատն ու Նիկոլա Արատան «Հայ ֆեստ» փառատոնի համար գրել են «Արարատ» երգը

«Հայ-ֆեստ» թատերական 13-րդ փառատոնի շրջանակներում ԱՄՆ-ից ժամանած խորեոգրաֆ Ջոիս Քինգը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ շատ է կարևորում ու գնահատում փառատոնից ստացած հրավերը: Նա խոստովանեց, որ ներկայացման ժամանակ շատ է հուզվել, չնայած խումբը հրաշալի ելույթ է ունեցել:
    
Իտալիայից ժամանած կոմպոզիտոր Պիերո Գեյմոնատն ու երաժիշտ Նիկոլա Արատան` հայ հանդիսատեսին ներկայացել են 2 մասից բաղկացած բեմադրությամբ, որի համար հայկական երաժշտություն է գրվել և անվանվել` «Արարատ»: Երգը գրվել է հատուկ փառատոնի համար:

«Ուսումնասիրելով Հայաստանի պատմությունն ու դրանից ներշնչվելով ենք գրել այս երաժշտությունը: Օգտագործվել է երաժշտական 7-8 գործիք` կիթառ, սակսոֆոն, ակարդիոն և այլն»,- ասաց Պիերո Գեյմոնատն, ով առաջին անգամ է Հայաստանում: «Արդեն մեկ շաբաթ է՝ ինչ Հայաստանում եմ, 2 օր առաջ եղել եմ Էջմիածնում, հույս ունեմ տեսնել նաև Հայաստանի մյուս տեսարժան վայրերը: Հատկապես ուզում եմ տեսնել Գառնին»,- անկեղծացավ նա:
    
Ռեժիսոր Գաբրիել Նեուհաուսն, ով եկել է Իսրայելից, և փառատոնի շրջանակներում համագործակցում է հայկական «Միհր» պարային թատրոնի հետ, խոստովանեց, որ շատ հետաքրքիր է հայ դերասանների հետ աշխատելը: ««Միհր»-ն ուրիշ ոճ ունի, ուստի հետաքրքիր է համագործակցությունն ու շատ արագ է ամեն բան ստացվում: Բոլորս մեր գաղափարներն ենք ներկայացնում, և կարողանում ենք ընտրել դրանցից լավագույնը»,- պատմեց նա:
     Գաբրիել Նեուհաուսն ու «Միհր» թատրոնը փառատոնին ներկայացել են «Լավաշ» ներկայացումով: Այն նվիրված է Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին: Բեմադրության հիմքում ընկած է հայկական ազգային հացի` լավաշի պատրաստման ձևը: «Բոլոր ազգերն էլ օգտագործում են լավաշ, սակայն հայերի համար այն առանձնահատուկ տեղ ունի»,- ամփոփեց ռեժիսորը:

Հիշեցնենք, որ «Հայ-ֆեստ» միջազգային թատերական փառատոնն այս տարի մեկնարկել է հոկտեմբերի 1-ին և կտևի մինչև հոկտեմբերի 8-ը:

3149 | 1
Facebook