Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ներկայում ևս աղիքային վարակիչ հիվանդությունների աճ է նկատվում

16:43, ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2015 թ.
Ներկայում ևս աղիքային վարակիչ հիվանդությունների աճ է նկատվում

ՀՀ առողջապահության նախարարության հայտարարությունը.
    
     Արձանագրվեցին աղիքային վարակիչ հիվանդությունների մի շարք բռնկումներ, որոնք պայմանավորված էին տարբեր գործոններով՝ սննդային, ջրային, կենցաղ-կոնտակտային և բնորոշ էին ամռան սեզոնին: Հատկապես, որ այս տարվա ամառն առանձնահատուկ էր բարձր ջերմաստիճանով: Ներկայում ևս բարձր է աղիքային վարակիչ հիվանդություններով դեպքերի արձանագրումը, սակայն բռնկումներ չեն դիտվում և դրանք միմյանց հետ համաճարակաբանական կապ չունեն:
     Նշենք, որ աղիքային վարակների աճ է դիտվում նաև աշխարհի մի շարք երկրներում՝ հատկապես բռնկումների ձևով: Օրինակ՝ ԱՄՆ-ում մեծ աճ է արձանագրվել սննդային ծագման նորովիրուսային վարակի, Եվրոպայում՝ կամպիլոբակտերիոզների և այլնի: Աշխարհի բազմաթիվ երկրներ ահազանգում են զուգակցված վարակների աճի մասին:
     Բացի այդ, ամբողջ աշխարհում դիտվում են կլիմայի գլոբալ տաքացման հետևանքները: Այս տեսակետից խոցելի են նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչները, հատկապես՝ աղիքային վարակների, այդ թվում՝ շիգելաները, խոլերայի վիբրիոնը, ամեոբիազը և այլն:
     Հայաստանի Հանրապետությունում այս տարի աղիքային վարակների թվի աճին նպաստել են ոչ միայն աննախադեպ շոգը, այլև բնակչության մեծ տեղաշարժը:
    
     Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է.
    
     - հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո,
     - պատահական վայրերում չսնվել,
     - չօգտագործել ժամկետանց, ոչ պատշաճ սառնարանային պայմաններում պահվող, բավարար ջերմային մշակման չենթարկված սննդամթերք,
     - սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող, մաքուր ջրով,
     - խուսափել կրեմային հրուշակեղեն, խառը, ոչ ճիշտ պահպանված աղցաններ օգտագործելուց,
     - չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, փափուկ լցնովի պաղպաղակ, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ, տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, ըմպելիքներ և հյութեր,
     - սննդամթերքը պահել փակ տարողություններում և պատշաճ ջերմային պայմաններում,
     - առանձնացնել հում սննդամթերքը եփածից, սնունդը լավ եփել կամ տապակել։

Հորդորում ենք աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ գանգատների դեպքում դիմել բժշկական օգնության:

4288 | 0
Facebook