Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Դոլարը կդառնա 500 դրամ, տրանսֆերտները կկրճատվեն 800 մլն -1 մլրդ դոլարի չափով». Վիլեն Խաչատրյան. «Ժամանակ»

09:50, հինգշաբթի, 30 հուլիսի, 2015 թ.
«Դոլարը կդառնա 500 դրամ, տրանսֆերտները կկրճատվեն 800 մլն -1 մլրդ դոլարի չափով». Վիլեն Խաչատրյան. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը զրուցել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի հետ.

Արդյոք դոլարի արժևորումը դեռ կշարունակվի՞: Շատերը նշում են, որ այն պետք է հասցնել 520-530 դրամի: Որքանո՞վ են նման տեսակետները հիմնավոր։

Ես ինքս էլ կանխատեսում եմ մոտավորապես 500 դրամի հասցնելու միտում, որովհետև մենք լսում ենք պահուստային համակարգի նախագահ Ջենեթ Ելենի հայտարարությունները. խոսակցություններ են գնում, որ սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, այնուամենայնիվ, հնարավոր է՝ ԱՄՆ-ում տոկոսադրույքները բարձրացվեն։ Հիմա դրանք զրոյական մակարդակի վրա են, քանի որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը 0-0.25 տոկոսով է բանկերին ֆինանսավորում, այսինքն՝ ձրի գումար է տալիս նրանց այնքան, որքան անհրաժեշտ է, եթե այդ տոկոսադրույքները բարձրացնեն 0.5-ի, սա կազդի ամբողջ աշխարհում դոլարի արժևորման վրա։ Այս քաղաքականությունը ժամանակ առ ժամանակ հետաձգվում է։ Նրանք վարում են Եվրոպային հակառակ քաղաքականություն։ Մինչև 2014-ի հոկտեմբեր իրենք ամսական մոտ 85 միլիարդ ԱՄՆ դոլար էին գցում շրջանառության մեջ, իսկ հիմա Եվրոպան է տպում, իրենք են դադարեցրել։ Եվ այդ հակառակ քաղաքականությունը տանելու է կոնկրետ դոլարի արժևորման, որը Հայաստանի տնտեսության համար լի է մի շարք ռիսկերով։

Դուք խոսեցիք նաև նավթի գների անկման մասին։ Դա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա՝ հաշվի առնելով, որ մեր տնտեսությունը մեծ չափով կախված է ռուսական տնտեսությունից։

Նավթի գների անկումն ուղղակի ազդեցություն կարող է ունենալ մեր տնտեսության վրա։ Նավթի գների անկման արդյունքում եթե բենզինի գինն իջնի, դա տնտեսության վրա դրական ազդեցություն կունենա։ Իսկ եթե անուղղակի ազդեցությունը դիտարկենք, ապա Հայաստանը Ռուսաստանից տարեկան ստանում է երկու մլրդ դոլարից ավելի տրանսֆերտներ։ ՌԴ տնտեսության մեջ տեղի ունեցող ցանկացած նման շոկ ստիպում է, որ Հայաստան տրանսֆերտ ուղարկող հայերը չունենան բարձր եկամուտներ։ Իմ կանխատեսումներով՝ մոտ 800 մլն դոլարից մինչև մեկ մլրդ դոլարի չափով տրանսֆերտներ կկրճատվեն։ Իսկ նման կրճատումը լուրջ հարված է Հայաստանի տնտեսությանը, որովհետև մեր ՀՆԱ-ն ընդամենը 10 մլրդ դոլար է, որից 2 մլրդ-ն էլ ձևավորվում է ուղարկված մասնավոր տրանսֆերտներից։ Այսինքն՝ 20 տոկոսի չափով մենք կախված ենք Ռուսաստանից ստացվող տրանսֆերտներից։ Ու եթե հիմա նման շոկ է տեղի ունենում ՌԴ-ում, այնտեղ աշխատողները չեն կարողանում այլևս նման քանակությամբ գումար ուղարկել Հայաստան։

Այս պահի դրությամբ, նախորդ տարվա համեմատ, մոտ 40 տոկոսով կրճատվել են տրանսֆերտները, և եթե այդ միտումը շարունակվի, մեր տնտեսությունը կզրկվի ֆինանսական ռեսուրսներից։ Այսինքն՝ մենք ընկնում ենք ավելի խորը ճգնաժամային երևույթների մեջ, և այն կանխատեսումները, թե 0 տոկոս աճ ենք ունենալու, հիմա էլ պաշտոնապես հայտարարում են 1 տոկոս տնտեսական աճի մասին, իրականանում են»:
     Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

4969 | 0
Facebook