Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Թե ինչպես ուսանողը պատահաբար կտրեց աշխարհի ամենատարեց ծառը

23:13, ուրբաթ, 27 մարտի, 2015 թ.
Թե ինչպես ուսանողը պատահաբար կտրեց աշխարհի ամենատարեց ծառը

1964 թվականին ամերիկացի երիտասարդ ասպիրանտ Դոնալդ Քարին գրանդ է ստացել անցյալի, առավել ստույգ՝ փոքր սառցե դարաշրջանի կլիմայաբանությունը ուսումնասիրելու համար: Փոքր սառցե դարաշրջան են համարում վերջին 2000 տարվա ամենացուրտ ժամանակաշրջանը՝ 14-19 դարերն ընկած ժամանակահատվածը:

Դոնալդն ուսումնասիրությունների համար ընտրել է դենդրոկլիմատոլոգիան՝ որպես իր համար առավել հարմար միջոց և ճանապարհ ընկել համապատասխան ծառ գտնելու: Դենդրոկլիմատոլոգիան գիտության մի ճյուղ է, որի հիմքում ընկած է կտրված ծառերի բների տարեկան օղակների և դրանց ձևավորման տարում տեղի ունեցած կլիմայական փոփոխությունների ուսումնասիրությունը: Ինչքան լայն է ծառի տարեկան օղակն, ուրեմն այնքան բարենպաստ է եղել տարին, այսինքն՝ տաք ու առանց երաշտի:

ԱՄՆ Նևադա նահանգի Ուիլեր-պիկ լեռան մոտ հին ծառեր փնտրելիս Դոնալդն ընտրել է տարեց տեսք ունեցող առաջին իսկ սոճին և սկսել գայլիկոնով անցք բացել: Սակայն ծառը, պարզվել է, շատ ամուր բուն ունի, և մի քանի անհույս փորձերից հետո գայլիկոնի գլխիկը կոտրվել է ու մնացել ծառաբնի մեջ:

Դա ուսանողի համար մեծ ձախորդություն է եղել, քանի որ գայլիկոնը նա պետությունից էր ստացել իր հետազոտության համար, ուրիշ նման գործիք չուներ, նոր պատվերի համար բավականին երկար ժամանակ կանցներ, տարին կվերջանար, այնինչ հետազոտության համար պետությունն արդեն վճարել էր:

Ետդարձի ճանապարհին նա հանդիպել է անտառապահին ու պատմել ամեն ինչ: Վերջինն էլ փորձել է օգնել նրան՝ առաջարկելով ուղղակի սղոցել ծառը՝ նման ծառեր լանջի վրա լիքն են՝ մեկն ավել, մեկը պակաս՝ տարբերություն չկա:

Նրանք, Անտառների պաշտպանությունից ծառահատման թույլտվություն ստանալուց անմիջապես հետո կտրել են ծառն, ու բնից մի շերտ վերցնելով՝ ուսանողը վերադարձել է տուն:

Ծառի օղակներն իրար շատ մոտ են եղել և խոշորացույցով զինված Դոնալդը մի քանի օր հաշվելուց հետո ապշահար գիտակցել է, որ այս ծառն, ամենայն հավանականությամբ, աշխարհի ամենահին օրգանիզմներից էր, որ գտավ ինքն ու սպանեց:

2 տարի անց այս մասին հայտնի է դարձել հասարակությանը, մարդիկ ատելությամբ են լցվել Դոնալդի և անտառապահի նկատմամբ ու մեծ սկանդալ բարձրացրել: Հետագայում այդ վայրը դարձել է արգելոց:

Հարկ է նշել, որ այդ վայրում ամեն մի ծառ իր անուն ունի՝ Սոկրատես, Մաֆուսաիլ, Բուդդա, իսկ կտրված ծառի անունը Պրոմեթևս էր:

Հետագայում երիտասարդ գիտնականը հեռացավ դենդրոխրոնոլոգիայից և սկսեց զբաղվել աղի ջրերի հետազոտությամբ՝ հասնելով մեծ հաջողությունների, սակայն հասարակության մեջ ընդմիշտ մնաց որպես մոլորակի ամենահին ծառն սպանող ոճրագործ:

12135 | 0
Facebook