Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի Կոնգրես է մտցվել Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու մասին օրինագիծ

10:18, ուրբաթ, 27 փետրվարի, 2015 թ.
ԱՄՆ-ի Կոնգրես է մտցվել Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու մասին օրինագիծ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Մեք Թորնբերին և Ադամ Սմիթը մյուս կոնգրեսականներին են ներկայացրել Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ օրինագիծ: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով ամերիկյան օրենսդիր մարմնի ապարատում իր աղբյուրներին:

Օրինագիծը ենթադրում է Ուկրաինային մոտ 1 միլիարդ ամերիկյան դոլարի ռազմական օգնության տրամադրում: Ըստ այդ փաստաթղթի՝ ԱՄՆ պաշտպանության նախարարին տրվում է Ուկրաինայի անվտանգության ուժերին և բանակին օգնություն տրամադրելու իրավունք: Պենտագոնի ղեկավարը նման լիազորություններով պետք է օժտված լինի մինչև 2017թ. սեպտեմբերի 30-ը:

Բացի Թորնբերիից և Սմիթից, փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել նաև Կոնգրեսի 28 այլ անդամներ:

«USA Today»-ի փոխանցմամբ, կոնգրեսականներն այս հարցի շուրջ դեռևս չեն կարողանում միաձայն որոշման գալ՝ խուսափելով ուկրաինական իրադարձությունների հետագա սրացումից: ԱՄՆ ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլեփփերն էլ իր հերթին հայտարարել է, որ թեև ինքն անձնապես կողմ է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելուն, սակայն հստակ գիտակցում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է դա որպես «բացասական քայլ» ընկալել, ինչը կարող է Ուկրաինային ավելի վատթար իրավիճակի առջև կանգնեցնել:
6137 | 0
Facebook