Franck Muller շվեյցարական ժամացույցների ընկերության հայկական ծագմամբ նախագահ, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս և բարերար Վարդան Սրմաքեշը հայտարարել է «Build Armenia» հիմնադրամի ստեղծման մասին, որն ուղղված է հայրենադարձությանը:
Սրմաքեշի նախագծին արդեն որոշել են աջակցել տասնյակ հայ գործարարներ աշխարհի տարբեր երկրներից: Հիմնադրամի գործունեության համար սկզբնական փուլում կտրամադրվի մոտ 100 միլիոն դոլար:
«Կարծում եմ, որ Հայաստանում նոր էներգիան և օրենսդրական դաշտի բարելավումը կնպաստեն ներդրումների հոսքին, ինչը կհանգեցնի լայնամասշտաբ հայրենադարձության»,- Asbarez-ը մեջբերում է Վարդան Սրմաքեշի խոսքը:
Նրա խոսքով՝ հիմնադրամի գործունեությունը կլինի բաց և թափանցիկ: Սրմաքեշը կոչ է արել մասնակցել նախագծին նաև ռուսաստանաբնակ հայ գործարարներին: