Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մի քիչ ամերիկա-թուրքական հարաբերություններից. Թուրքիայում բանտարկված ամենահայտնի օտարերկրացին ԱՄՆ քաղաքացի է». Վարուժան Գեղամյան

15:25, երկուշաբթի, 23 հուլիսի, 2018 թ.
«Մի քիչ ամերիկա-թուրքական հարաբերություններից. Թուրքիայում բանտարկված ամենահայտնի օտարերկրացին ԱՄՆ քաղաքացի է». Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մի քիչ ամերիկա-թուրքական հարաբերություններից

2016թ. զինվորական հեղաշրջման անհաջող փորձից հետո Թուրքիայում կան բազմաթիվ ձերբակալվածներ, որոնք մեղադրվում են «ահաբեկչության հետ կապերի» մեջ։ Դրանք ոչ միայն տեղացի և արտասահմանցի թուրքեր են, այլև այլազգիներ։
     Ամենահայտնի բանտարկված օտարերկրացին թուրքական Իզմիր քաղաքում երկար տարիներ քրիստոնեական քարոզչությամբ զբաղված ավետարանչական եկեղեցու հովիվ, ԱՄՆ քաղաքացի Էնդրյու Բրանսընն (Andrew Brunson) է: 2016թ. աշնանից նա կալանավորված է՝ Ֆեթուլահ Գյուլենի շարժմանը հարելու և օժանդակելու մեղադրանքով։ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների որոշակի լարվածության ֆոնին Բրանսընի ազատման հարցը պարբերաբար ստանում է մեծ հնչեղություն։
     Այդպես եղավ նաև հուլիսի 19-ին, երբ ԱՄՆ սենատորները բիլ (bill) ներկայացրեցին, որը խստորեն դատապարտում է հոգևորականի ազատազրկումն ու պատժամիջոցներ նախատեսում Թուրքիայի համար։ Մասնավորապես, սենատորներն առաջարկում են մինչև հոգևոր հովվի ազատումը մերժել Թուրքիային տրամադրվող փոխատվությունները (loans), որոնք ուղղվում էին Թուրքիային Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կողմից։ Տեղեկության կարգով նշեմ, որ օրինակ անցյալ տարի (2017) Թուրքիան 927 միլիոն դոլար է ստացել IFC-ից և 1.8 միլիարդ դոլլար՝ EBRD-ից։
     Նախագծի ամբողջական տեքստն ու սենատորների մեկնաբանությունները կարելի է գտնել հղումով։ Էս համատեքստում անհրաժեշտ եմ համարում նշել, որ չնայած պատժամիջոցների խստությանը, այնուամենայնիվ, առաջարկն ինքնին այդքան էլ դատապարտող չէ (միայն մեկ ձերբակալվածով է սահմանափակվում)՝ հաշվի առնելով Թուրքիայում մարդու իրավունքների մասով տիրող իրավիճակը և ԱՄՆ բարձրաձայնումները։

4032 | 0
Facebook