«Ազատ քաղաքացի բաց ինստիտուտ» ՀԿ անդամներն այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել են, որ նպատակ ունեն պաշտպանել Էջմիածնի քաղաքացիների ոտնահարված իրավունքները: Բանախոսները նշել են, որ իրենք դուրս են եկել գեներալ Մանվել Գրիգորյանի ու նրա կողմնակիցների դեմ:
«Վախի մասին պետք է մոռանալ, քանի որ Հայաստանում իրողություն է փոխվել և օրենքի գերակայնությունը գտնվում է ամենաբարձր մակարդակում»- ընդգծել է ՀԿ նախագահ Արտակ Սերգոյանը:
Մամուլի ասուլիսին ներկա գործարար Միշել Սարգսյանն էլ նշել է, որ 2000թ. վերադարձել է հայրենիք՝ ներդրում անելու: Տարածք է գնել Էջմիածին քաղաքում, իտալական սարքավորումներ ներկրել ու չնայած նրան, որ քանիցս նշել են, որ այդ տարածքը մանվելականներին է, գործ չունի, գեներալը չի թողնի, որ այստեղ ներդրում անի:
«Ես չլսեցի ու սկսեցի ներկրումը: Պետրոսյանը՝ Մանվելի բարեկամը, պահանջ դրեց, սակայն ես մերժեցի, սկսեցին ասել, որ Էջմիածինը պատկանում է Մանվելին, պետք է իրեն փող տամ: Սակայն վախի մթնոլորտում բիզնես առաջխաղացում չկար, ես էլ վաճառեցի ամեն ինչ ու լքեցի Հայաստանը: Սիրիայի պատերազմի շրջանում կրկին վերադարձա: 2014թ.-ին առաջին անգամ հաստավիզ, հաստագլուխ մարդկանց հետ հանդիպեցի ու նույնիսկ փորձեցին զենք բարձրացնել: Դիմեցի Սփյուռքի նախարարություն, չարձագանքեցին: Հետո իմացա, որ Գալուստ Սահակյանի հետ քավոր-սանիկ կապի մեջ է զենք բարձրացնողը: Կրկին վաճառեցի ու հեռացա: 2016 թ.-ին ավտոլվացման կետ փորձեցի բացել. հետագա խոսակցությունները տարվեց նրան, որ պետք է գումար մուծեմ Արմավիրի մարզպետարան, որ կարողանամ գործն ավատեմ: Չհամաձայնվեցի: Մաֆիա կառուցեցին ու 20 մարդ հարձակվեց վրես, որ լքեմ տարածքը: Ասեցին, որ տեռորիստ եմ, ուզում եմ իրանց պապերի հողը գրավեմ: Շամշյանին բերեցին մոտս, մարդկանց ցույց տվեցին, որոնց չեմ ճանաչում: Ոստիկանություն էլ իրանց կողմն էր: Մինչ այսօր մենք դատական գործերի մեջ ենք: Դատախազին ու քննիչին դատի տվեցի ու դատը շահեցի: Թավշյա հեղափոխությունից հետո փոփոխություն եմ տեսնում իրավական մեխանիզմներում»- նշել է Միշել Սարգսյանը:
Մանրամասները` «Նոյյան Տապան»-ի տեսանյութում: