Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչ էլ գրեմ, ստացվում է հայեցի». այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է

11:15, երկուշաբթի, 22 հունվարի, 2018 թ.
«Ինչ էլ գրեմ, ստացվում է հայեցի». այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է

«Ես ազատ ժամեր չունեմ և չեմ էլ ունեցել: Ամբողջ կյանքում նման եմ եղել պաշարված ամրոցի: Այո, ես պաշարված եմ հնչյուններով: Մի զարմացեք, եթե ասեմ, որ իմ տեսած երազներն էլ հնչյունների հետ են կապված: Այդ հնչյուններից ես ընտրում եմ սրտահաճները և երգեր հորինում: Ինձ համար ազատ ժամ ունենալ՝ նշանակում է կտրվել հնչյուններից, որ նույնն է՝ թե հրաժեշտ տալ կյանքին»,- ժամանակին ասել է Առնո Բաբաջանյանը:

Այսօր հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային Միության (1971) և Հայաստանի Հանրապետության (1956) ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է։ Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում, 1921 թվականի հունվարի 22-ին։

Երաժշտական տաղանդը դեռ վաղ մանկությունից է երևացել: Ճակատագրի բերմամբ մանկապարտեզի ավարտական խմբում այլ երեխաների շարքում Առնոյի լսողությունը ստուգել էր Արամ Խաչատրյանն ու խորհուրդ տվել լրջորեն նվիրվել երաժշտությանը. «Մի անգամ եկավ մի այցելու: Այդ մարդը խնդրեց մեզ երգել, որպեսզի իմանա, թե ով լավ ձայն ունի: Ես նույնպես երգեցի և ռիթմի տակ ծափ տվեցի: Այդ մարդը լսեց ու ասաց, որ պիտի զբաղվեմ երաժշտությամբ: Ավելի ուշ իմացա, որ այդ մարդը Արամ Իլյիչի Խաչատրյանն էր»,- պատմել է կոմպոզիտորը:

«Լույսի և ուրախության կոմպոզիտոր». Այսպես էին կոչում նրան իր ժամանակակիցները:

Մեծ ժողովրդականություն են վայելում «Էլեգիա», «Հայկական ռապսոդիա» (համահեղինակ՝ Ալեքսանդր Հարությունյան), «Նոկտյուրն» գործերը:

Առնո Բաբաջանյան- «Նոկտյուրն»

Կոմպոզիտորի բացառիկ տաղանդը խոր զգացմունքայնությամբ դրսևորվել է նաև նրա երգերում: Հանրահայտ են Բաբաջանյանի «Երկրագնդի լավագույն քաղաքը», «Կամուրջներ», «Գուշակիր ցանկությունս», «Մի շտապիր» և այլ երգեր: Գրել է նաև երաժշտություն թատրոնի և հայկական կինոնկարների համար՝ «Հասցեատիրոջ որոնումները», «Հարսնացուն հյուսիսից», «Բաղդասարը բաժանվում է կնոջից», «Երջանկության մեխանիկան»:

«Ինչ էլ գրեմ, ստացվում է հայեցի»,- իր մասին խոստովանել է Առնո Բաբաջանյանը:

Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ։

Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, փոփ, ջազ:

Առնո Բաբաջանյանը մահացել է է Երևանում, 1983 թվականի նոյեմբերի 11-ին։

Առնո Բաբաջանյան - «Անուրջներ»

6126 | 0
Facebook