«Մենք ասել էինք, որ օրենքը չի փոխվելու և որ դա չէ ուսանողների պահանջի լուծումն, այլ՝ կառավարության որոշումները: Ունենք աշխատանքային խումբ ու սիրով աշխատում ենք ուսանողների, դասախոսների հետ»,- մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում ասաց Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը: Անդրադառնալով ուսանողների ներկայացրած
առաջարկին, այն է՝ մեկուկես տարվա ծառայությունը բաշխել բակալավրի 4 տարվա մեջ, նշեց. «Հնարավոր չէ ծառայել ու զուգահեռ սովորել, արդյունքում կունենանք վատ կրթություն ու վատ ծառայություն»:
Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 29-ին արդեն ստորագրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը: «Օրենքի ստորագրումը բացասաբար կազդի բանակցությունների վրա: Սա ցույց է տալիս, թե որքանով են իշխանություններն արձագանքում հասարակության պահանջին և իրենց կողմից լիազորված անձանց սկսած բանակցություններին»,- ավելի ուշ հայտարարել էր «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության Դավիթ Պետրոսյանը: