Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինքնաձիգ, մարտական և ուսումնական նռնակներ եմ գտել և վաճառել». «Զինված խմբի» գործով մեղադրյալ

12:45, ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
«Ինքնաձիգ, մարտական և ուսումնական նռնակներ եմ գտել և վաճառել». «Զինված խմբի» գործով մեղադրյալ
     Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Նորքում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը։ Այս դատական նիստի ընթացքում ցուցմունք է տվել գործով մեղադրյալ Հարություն Հովհաննիսյանը, նա դատարանին տեղեկացրել է, որ չի պատրաստվում հարցերին պատասխանել և խնդրում է հրապարակել նախաքննական ցուցմունքը: Հարություն Հովհաննիսյանը նախաքննության ժամանակ տեղեկացրել է, որ հանգուցյալ հոր ավտոմեքենայից գտել է մի քանի տեսակի զենք` ինքնաձիգ, մարտական և ուսումնական նռնակներ: «Վախեցել եմ հայտնաբերած զենքը ներկայացնել իրավապահ մարմիններին և այդ զենքը 3 հազար դոլարով վաճառել եմ Անուշավան Ավետիսյանին: Տեղյակ չեմ եղել, թե ինչ նպատկով է Անուշավանը ինձանից գնում այդ զենքը»,-նախաքննական ցուցմունքում ասել է մեղադրյալը: Վերջինը նաև տեղեկացրել է, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում և զինված խմբի հետ որևէ առնչություն չունի:
     Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել: Այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
2484 | 0
Facebook