Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ն զգուշացնում է Եմենում ահագնացող աղետի մասին

18:05, հինգշաբթի, 27 հուլիսի, 2017 թ.
ՄԱԿ-ն զգուշացնում է Եմենում ահագնացող աղետի մասին

Եմենում, որտեղ արդեն երկու տարի է` չեն դադարում ռազմական բախումներն, աղետալի կերպով տարածվում է խոլերայի համաճարակը: Այս մասին Եմեն կատարած այցի արդյունքում համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Պարենի համաշխարհային ծրագրի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարները:
     «Վերջին 3 ամսվա ընթացքում Եմենում խոլերայի համաճարակի 400 հազար դեպք է գրանցվել: Համաճարակի հետևանքով արդեն 1.9 հազար մարդ է մահացել: Համաճարակի արագ տարածման գլխավոր պատճառը հակամարտության հետևանքով առողջապահական համակարգի խաթարումն է, քաղցը, ջրամատակարարման ու սանիտարական պայմանների բացակայությունը»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ:
     Նշվում է նաև, որ այս ամենից զատ երկիրը գտնվում է զանգվածային քաղցի եզրին. բնակչության կեսից ավելին հստակ չի կարող ասել` արդյոք հաջորդ օրը սնունդ կունենա, թե` ոչ:
     Կազմակերպությունների ղեկավարները հայտարարել են, որ Եմենի ճգնաժամն ուշադրության և մարդասիրական աննախադեպ աջակցության կարիք է զգում:
     Հիշեցնենք, որ ավելի վաղ Կարմիր խաչը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ մինչ տարեվերջ Եմենում խոլերայով վարակվածների թիվը կհասնի 600 հազարի։

9058 | 0
Facebook