Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե շատ ենք ուզում, կարողանում ենք վերադարձնել դահլիճները լքած հանդիսատեսին». Արմեն Ամիրյան

14:10, երկուշաբթի, 27 մարտի, 2017 թ.
«Եթե շատ ենք ուզում, կարողանում ենք վերադարձնել դահլիճները լքած հանդիսատեսին». Արմեն Ամիրյան

«Ամեն տարի անհամբեր բոլորս սպասում ենք մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրվան: Այն մեզ համար վերածվել է մասնագիտական տոնի, հրաշալի առիթի, երբ իրար շնորհավորելու, բարեմաղթանքներ հղելու, ինչու ոչ, շնորհավորանքներ ընդունելու պատեհությունն է ներկայանում:
     Ցավոք սրտի, մեր երկրի տոնացույցերի ցանկում կարմիրով նշված չէ Թատրոնի օրը, բայց մենք գիտենք, որ ցանկացած պետության համար թատրոնն ունի ռազմավարական նշանակություն, որ մեր գոյության ու ազգային ինքնության պահպանման ճանապարհին հենց թատրոնն է խաղում կարևորագույն դերերից մեկը, նպաստում ազգ-պետություն կապի ամրապնդմանը»,- Թատրոնի միջազգային օրը թատերական գործիչներին շնորհավորել է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը:
     Նրա խոսքով` թատրոնը նաև մեկ այլ արժեք ունի՝ սեփական կարողությունները բացահայտելու հնարավորություն և միջոց: «Ու մենք բոլորս, անկախ դժվարություններից, սոցիալական բարդ ու երբեմն անհաղթահարելի թվացող խնդիրների գերակայությունից, առաջ ենք տանում մեր նվիրումը, հավատը, սերը, փորձում ենք շաղկապել երեկն ու այսօրը՝ ճանապարհ բացելով դեպի վաղվա օր»:
     Մասնագիտական տոնի առթիվ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ևս շնորհավորական ուղերձ է հղել թատերական գործիչներին. «Թատրոնի սիրելի′ մարդիկ՝ առանց որոնց անհամ ու անհրապույր կլիներ աշխարհը, շնորհավո′ր Թատրոնի միջազգային օրը։
     Ուրախ եմ, որ այս շնորհավորանքս հաջորդում է նորածին այն մեծ հույսերին, որպիսիք արթնացրին մեր նախաձեռնած «Մշակութային կանգառի» հյուրախաղերը։ Լեփ-լեցուն մարզային դահլիճներ, որոնցում շատերը երբեմն ոտքի վրա կամ աստիճաններին նստած են դիտում ներկայացումները, հոտնկայս ծափահարություններ և հանդիսատեսի հոսք դեպի կուլիսներ՝ շնորհակալություն հայտնելու։ Սա նշանակում է, որ թատրոնը չի մեռնում, և եթե շատ ենք ուզում, կարողանում ենք վերադարձնել դահլիճները լքած հանդիսատեսին։
     Նաև ուզում եմ ասել՝ տվեք ինձ թատրոն, և ես կունենամ գալիքին երազկոտ, ուրեմն նաև՝ ստեղծագործողի աչքերով նայող հասարակություն։
     Շնորհավո′ր, սիրելիներս, և շնորհակալություն, որ դուք կաք, որ դուք Ձեր ուսերին պահում եք Թատրոնը՝ մեր երևակայության, մեր երազանքների տունը»։

2375 | 0
Facebook