Պարբերաբար լուրեր են տարածվում, ըստ որի` մանկապարտեզների, դպրոցների տնօրեններն իրենց աշխատակիցներին հրահանգում են ծնողների հետ քարոզչական աշխատանքներ իրականացնել՝ իշխող քաղաքական ուժերի օգտին: Ասում են` չնայած ԿԳ նախարարության շրջաբերականին, թե կրթօջախներում արգելված է քարոզչությունը, խնդիրն, այնուամենայնիվ, առկա է: Ըստ լուրերի` բացի Երևանի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանից, ով Գալուստ Սահակյանի հարսն է, և ով հրահանգում է իր ենթակայությամբ աշխատող մարդկանց, որպեսզի վերջինները մարզերում բնակվող իրենց հարազատներին վերագրանցեն թիվ 2 ընտրատարածքում, ակտիվ գործի է անցել նաև Մանկավարժական համալսարանի ռեկտորը: Նա հավաքում է ոչ միայն աշխատակազմի անձնագրերը, այլև հրահանգում աշխատել ՀՀԿ-ի օգտին` չենթարկվողներին խոստանալով պատժել: Համաձայն այլ խոսակցությունների, Արմավիրի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Առաքել Մովսիսյանն էլ անձամբ է այցելում դպրոցներ, հանդիպում ուսուցիչների հետ` հորդորելով ձայն տալ իրեն, որպեսզի «նամուսով ընտրություններ անցկացնեն»: