ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցանկություն ունի մինչ նախագահության ավարտը՝ 2017 թվականն, այցելել Կուբա։ Այդ մասին երեկ հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, որին երկար տարիների ընթացքում առաջին անգամ ներկա են եղել նաև կուբացի լրագրողներ, հայտնում է «Լենտա»-ն:
«ԱՄՆ նախագահը հուսով է, որ շուտով կկարողանա Կուբա այցելել, մասնավորապես, երկրի մայրաքաղաք Հավանա»,- հայտարարել է Էռնեստը: Նա նաև հաստատել է, որ Օբաման շարունակում է պաշտպանել երկու երկրների միջև կապերի ընդլայնման գաղափարը։ Դա վերաբերում է ԱՄՆ-ում և Կուբայում դեսպանատների բացմանը:
Նշենք, որ ապրիլի 14-ին Բարաք Օբաման Կոնգրես է ուղարկել Կուբան ահաբեկչության հովանավորների ցանկից հեռացնելու մասին առաջարկը: Հավանայում այդ որոշումն արդար են անվանել՝ նշելով, որ Կուբան ընդհանրապես չպետք է լիներ այդ ցանկում: