«Վերահսկողությունը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը կազմակերպելու նպատակով կիրականացվի Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության կողմից»,- այս մասին «Մոսկվա-Բաքու» պարբերականի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը վերահսկողություն իրականացնելո՞ւ է Ադրբեջանի հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ։
«Բանակցությունները տարվում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության 9-րդ կետի հիման վրա՝ դրա դրույթները հնարավորինս արագ կյանքի կոչելու նպատակով։ Առաջադրանքները շատ պարզ են. նախատեսվում է վերականգնել գոյություն ունեցող և կառուցել նոր տրանսպորտային հաղորդակցություններ, որոնք կապում են Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ։ Կապահովվի ինչպես ուղևորափոխադրումներ, այնպես էլ բեռնափոխադրումներ, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ»,- ասել է նա։
Նա հավելել է, որ ներկայումս տեխնիկական մանրամասների համաձայնեցման շուրջ քննարկումներ են ընթանում։
Հիշեցնենք՝ հունիսի 2-ին Մոսկվայում կայացել է Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ։