Չկա այդպիսի շաբաթ, որ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը չհայտարարի՝ մասնավորապես Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Մայրաքաղաքում մթնոլորտային օդի աղտոտվածության դիտարկումներն իրականացվում են 5 անշարժ դիտակայանների և 42 շարժական դիտակետերի միջոցով։ Դիտակայանները թեպետ խորհրդային միությունից են ժառանգվել և կիսաարդիականացվել, արձանագրում են ՝ օդում ինչ-որ բան այն չէ: Նախորդ տարի օդի աղտոտվածության գերազանցումները այնքան հաճախ են կրկնվել, որ փոխվել է տարեկան միջին ցուցանիշը՝ բարձրանալով մոտ 1.2 անգամ:
Երևանում ամենաաղտոտված օդը Արշակունյաց պողոտայում է՝ Կրկեսի մոտ: Մասնագետը, սակայն, ընդգծում է՝ քաղաքի շատ հատվածներում դիտակետեր չկան:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի փոխտնօրեն Գայանե Շահնազարյանի խոսքով՝ ներկայումս օդի աղտոտվածությունը Երևանում գերազանցում է թույլատրելի չափը մինչև 4 անգամ:
Սա դեռ այն դեպքում, երբ անհրաժեշտ սարքերի բացակայության պատճառով փոշու փոքր մասնիկները չեն դիտարկվում: Մինչդեռ դրանք ամենավտանգավորն են. կարող են անգամ արյան մեջ ներթափանցել:
Մանրամասները՝ Ա1+-ի տեսանյութում