Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկանությունը հորդորում է չծխել բացօթյա սրճարաններում

18:06, հինգշաբթի, 07 հուլիսի, 2022 թ.
Ոստիկանությունը հորդորում է չծխել բացօթյա սրճարաններում

ՀՀ ոստիկանությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ հորդորելով պահպանել ծխախոտային արտադրանքի և փոխարինիչների օգտագործման արգելքը սահմանող օրենքի դրույթները․ «2022 թվականի մարտի 15-ից ուժի մեջ մտած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը արգելվում է հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա օբյեկտներում (ճաշարաններ, սրճարաններ, բարեր և այլն):

Մեր համաքաղաքացների ուշադրությունը հրավիրում ենք հատկապես այս հանգամանքին, քանի որ ամառային հանգստի շրջանով պայմանավորված՝ շատերը ժամանցի համար ընտրում են բացօթյա օբյեկտները և հաճախ մոռանում, որ ծխախոտային արտադրանքի և փոխարինիչների օգտագործման արգելքը տարածվում է նաև դրանց վրա: Հիշեցնում ենք, որ օրենքի կիրարկումը շարունակվում է, նաև վարչական պատասխանատվություն է սահմանված վերոհիշյալ դրույթի խախտման համար, իսկ սույն բնույթի իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավասությունը վերապահված է ոստիկանությանը:

Մեր համաքաղաքացիներին կոչ ենք անում դրսևորել քաղաքացիական բարձր գիտակցություն և համոզված ենք, որ նրանք ոչ միայն ձեռնպահ կմնան օրենքի պահանջը խախտելուց, այլև կաջակցեն ոստիկանության ծառայողներին՝ հանրային առողջության պահպանմանն ուղղված գործում»,- ասվում է հայտարարության մեջ:

2754 | 0
Facebook