Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Համացանց

«Ազգերի ինքնորոշման իրավունքից հրաժարումն ունենալու է աղետալի հետևանքներ». Տաթևիկ Հայրապետյան

11:00, ուրբաթ, 20 մայիսի, 2022 թ.
«Ազգերի ինքնորոշման իրավունքից հրաժարումն ունենալու է աղետալի հետևանքներ». Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի գրառումը. «Ազգերի ինքնորոշման իրավունքից հրաժարումը ունենալու է աղետալի հետևանքներ Արցախի հիմնահարցի լուծման համար: Տարբեր պատասխանատու գերատեսչությունների, այդ թվում՝ ԱԳՆ–ի կողմից հրապարակվող մամլո հաղորդագրություններից ակնհայտ է, որ հայկական կողմը ազգերի ինքնորոշման իրավունքի ամրագրված սկզբունքը փոխարինել է «արցախահայության իրավունքներ» անորոշ տերմինաբանությամբ: Այս քաղաքականությունը՝
     1. Հակասում է հենց իշխող ուժի ծրագրին, որտեղ նշված է՝ «Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի աղետալի պատերազմի հետևանքների վերացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից»։
     2. Հակասում է Հայաստանի և Արցախի պետական և անվտանգային շահին: Սա ուղիղ գործիք է դառնալու Ադրբեջանի ձեռքում խաբել միջազգային հանրությանն ասելով, որ կապահովի իրավունքներ, իսկ հետո իրագործել կամ էթնիկ զտում կամ էլ՝ հայաթափում: Չի կարող Բաքուն որևէ երաշխիք տրամադրել, քանի որ հայի հանդեպ ատելության քարոզը իրականացվում է պետության կողմից, այսինքն՝ կա ատելության քարոզի ինստիտուցիոնալիզացում: Դա նույնն է, որ Հիտլերն ասեր՝ ես կապահովեմ հրեաների անվտանգությունը ու իրեն հավատային:
     3. Չի բխում միջազգային հանրության պահանջից, չկա նման պահանջ, դա ակնհայտ է, դեսպանների, տարբեր իրավասու անձանց հրապարակային հայտարարությունները դրա վառ ապացույցն են: Ավելին, այս տարիների ընթացքում հենց նույն միջազգային հանրությունն է ամրագրել ինքնորոշման իրավունքի դրույթը՝ որպես խնդրի լուծման երեք սկզբուքներից մեկը: Այսինքն՝ դրանից հրաժարումը բացառապես իշխող ուժն է անում՝ հերթական փորձանքը բերելով մեր պետության գլխին:
     4. Եթե սա դարձավ հստակ քաղաքական գիծ, ապա հետագայում, ով էլ գա իշխանության շատ բարդ է լինելու ետ պտտել անիվը:
     Եթե իշխողն ուժը փոքր ինչ հեռատեսություն և խելամտություն ունենար կամ պետական շահի մասին մտածելու ունակություն, այս պահին հնարավորինս կսառեցներ հարցը, չէր շտապի, որևէ պայմանագիր կամ թուղթ ստորագրել, որով Արցախը կդիտվի Ադրբեջանի մասին: Դրա համար բոլոր հիմքերը կան, օրինակ՝ ՄԱԿ–ի Արդարադատության դատարանում ընթացող մեզ համար շատ կարևոր գործընթացը, որը մի քանի տարի տևելու է: Եթե դատարանը որոշեց, որ Ադրբեջանը ռասսայական պետություն է, ուրեմն չի կարող երբևէ Արցախը դիտվել Ադրբեջանի մաս: Այստեղ կկիրառվի «անջատում հանուն փրկության» թեզը:
     Մենք իսկապես ունենք հնարավորություններ, և ես որևէ կերպ չեմ կարող հասկանալ, թե ինչու են այսպես կորսվում մեր բոլոր լծակները, ինչո՞ւ է Փաշինյանը շարունակ հետ կանգնում մեր պետական շահից՝ վտանգելով Արցախում մեր հայրենակիցների կյանքն ու անվտանգությունը, ես իրոք որևէ ռացիոնալ բացատրություն չեմ կարող գտնել...»:

| | |
1218 | 0
Facebook