Խնդրում ենք սպասել...

Համացանց

«27-ի վկանները, իրար հերթ չտալով, մեռնում են». Վարդ Սիմոնյան

10:18, չորեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2021 թ.
«27-ի վկանները, իրար հերթ չտալով, մեռնում են». Վարդ Սիմոնյան

Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27

Ոչ մի գազան չի կարող քեզ այնպես հալածել, ինչպես չասված խոսքը, չգրված տողը։ Իսկ 27-ի վկանները չեն սպասում, հակառակի պես, իրար հերթ չտալով, մեռնում են...

Ճակատագրի ի՜նչ հեգնանք. 2000-ի օգոստոսի 29-ին էլեկտրիկ Նորայր Եղիազարյանը չիմանալով, որ «տոկը դըզ ա» ձեռքը տանում է դեպի իր բանտախցի վարդակը և տեղում կնքում իր մահկանացուն: Սա այն Նորայրն էր, որին սպասում էին դատարանում, և որը, ըստ նախաքննական ցուցմունքների, զենք էր վաճառել «ռոմանտիկներին»: Ինչ-ինչ, բայց երկրի միակ տղամարդուն չես մեղադրի անգործունակության և բեբաշարության մեջ. մարդը ձեռաց մի պառլամենտական հանձնաժողով ստեղծեց՝ թե տղա եք, գնացեք քննեք էս տասը անհայտով հավասարումը՝ թե ինչպես է հնարավոր, ձեռքն այնպես խրել վարդակի մեջ, որ մահացու օջախները գոյանան գլխի վրա: Լավ հարցը, իհարկե, պատասխանի կարիք չունի:

Չորս տարի անց, 2004-ի ապրիլին «Նուբարաշենից» մի նոր մահազդ հնչեց՝ Հունանյանի քեռին ոչ ևս է: Սա այն Վռամ քեռին էր, որը, ըստ ականատեսների, օրը հազար անգամ ճաղավանդակներից բղավում էր, թե կարևոր բան ունի ասելու: Վերջն այս մարդը սրանց զահլան էնքան տարավ, որ բռնեցին ու գցեցին մի այնպիսի կոնֆորտային զոնա, ուր ոչ մեկը քեզ չի անհանգստացնում, երբ անգամ առաստաղից կախվելու ցանկություն ես ունենում: Հետաքիքիր հարց է, չէ՞, թե ինչպես է պետության գլուխը թռցրած հայտնի բանդայի տեռորիստը մեկուսարանի համակ ուշադրությունից պլստում և որպես երդվյալ ռոմանտիկ թոկը վիզը գցած սավառնում իր առանձնախցում: Այլ բան է, որ այս հարցին իսկի փաստաբանության ռահվիրա Ալումյանը չի կարող պատասխանել:

Նույն տարում՝ 2004-ի մայիսի 28-ին, հերթական «դժբախտ պատահարը» տեղի ունեցավ, այս անգամ էլ 27-ի գործով կալանավորված, ապա ազատություն ստացած պատգամավոր Մուշեղ Մովսիսյանի հետ: Եվ ո՞վ ռիսկ արեց կասկածել, որ սա Ապարան-Երևան ավտոմայրուղու վրա տեղի ունեցած հերթական ավտովթարն է. ինչ կարող ես անել, երբեմն, մեքենաներն ունեն մարդկանց սպանելու հատկություն, և սա հենց այդ դեպքն է: Մանավանդ որ, այդ վթարի մասին, իր ծանր տեղը թեթևացրած սուլում է Հ1-ի Հայլուրը, և այն էլ պետավտոտեսուչին հատուկ բարոյախոսությամբ: Իսկ Քոչարյանի Հայլուրին՝ երկրի թիվ1 էլեկտրական եկեղեցուն, անկարելի էր չհավատալ:

Նույն ամսին ավտովթարը խլեց նաև Աժ-ի բուժքույր, առանցքային վկա Ռոզա Հովհաննիսյանի կյանքը: Ոչ մի պարադոքս, ԱՄՆ մեկնելը քեզ հետապնդումից չի ազատի, եթե դու տեսել ես այն, ինչը չպիտի տեսնեիր: Եվ ով կարող է երաշխավորել, որ տիկին Ռոզան օրինակ՝ սուրճ չէր խմում իր հարևան, բարեկամի հետ: Իսկ դա արդեն «լուրջ հանցակազմ» է, բա որ այդ սրճախմության մի պիկ պահի տիկինը սրտի եղածով կիսվեր սիրելի սեղանակիցների հետ: Ճարպիկը ռիսկը չեզոքացնո՞ւմ է, թե ամեն օր սրտի դողով սպասում, թե ուր որ է, տիկին Ռոզան կրկին սուրճ կխմի: Նույն չարաբաստիկ 2004-ին պառլամենտում կախվեց 27-ի գործով կարևոր վկա, ԱԺ արձանագրային բաժնի աշխատակցուհի Հասմիկ Աբրահամյանը: Երկիրը պապանձվեց. այս աղջկա «ինքնասպանությունից» հետո ամեն ինչ այնքան հասկանալի էր, որ էլ ոչ մի խոսելիք չմնաց: Թվում էր՝ սա վերջն է, ոճրագործները գոնե այստեղ կկանգնեն, մանավանդ որ երկու տարի առաջ իր տան շքամուտքի առաջ հասցրել էին սպանել նաև Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ, 36-ամյա Տիգրան Նաղդալյանին՝ դարձյալ առանցքային մի վկայի, որին Հայաստանից հեռացնելու պատրվակով Քոչարյանն առաջարկել էր դեսպանի պաշտոն Մեծ Բրիտանիայում: Տիգրանը չընդունեց առաջարկը, բայց և չհասցրեց հասնել դատարան:

Ով էր հաջորդը, իհարկե, ոճրախմբի անդամ Համլետ Ստեփանյանը: Ինչո՞ւ, որովհետև դրսում 2010 թվականի մայիսն էր, իսկ նրա պատժի ժամկետը շուտով լրանալու էր: Հակառակի պես՝ սրա բերանն էլ հեշտ բլանդվողներից չէր:

Սա չպիտի ապրեր, միայն նրա համար, որ տուժողների պաշտպաններն արդեն հայտարարել էին, որ բացի Նաիրիի խմբից, եղել է նաև տեռորիստական երկրորդ ոճրախումբը, որը գործել է պառլամենտի կուլիսներից: Ահա ինչն էր Համլետ Ստեփանյանի «հանկարծամահության» պատճառը:
     Եվ վերջապես, Հ1-ում ԱԱԾ-ի ներկայացուցիչ Տիգրան Նազարյան՝ 27-ի, թերևս, կարևորագույն վկա. նա, ով հսկել է Քոչարյանի և Նաիրիի պատմական առանձնազրույցը և սեփական աչքով տեսել, թե ինչպես է քաջ ու անվախ Քոչարյանը 40 րոպե շարունակ գտնվել տեռորիստի ճիրաններում և անվնաս դուրս պրծել՝ կապիտուլյացիայի ենթարկելով զինված մոլագարին: Եվ քանի որ երկրի անվտանգության մարմինները հարկ չեն համարել ձայնագրել այս «անկարևոր» զրույցը, ուստի Նազարյան Տիգրանը նվազագույնը երկրի թիվ1 կարևորության վավերանյութն էր:Եվ Քոչարյանի ղեկավարած պետությունն առնվազն զրո անվտանգության համակարգ պիտի ունենար, որ իր գործակալն այս բեռուբարձով վեր կենար ու թռներ Ամերիկա՝ մշտական բնակության: Սա այն դեպքն է, որ ողջ չի մնա ոչ միայն սույն գործակալը, այլև՝ այդ գործակալի պետությունը: Եվ իրոք, հոկտեմբերի 27-ից հետո պետություն լինելու մասին մեր պատկերացումները խիստ չափազանցված էին, իրական պատկերն ընկալելու համար մեզ խանգարում էին առանձին ատրիբուտներ (դրոշ, զինանշան, հիմն…)»:

Աղբյուրը` Վարդ Սիմոնյան
11571 | 0
Facebook