Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Իրադարձություններ

Կյանքից հեռացել է վաստակաշատ արվեստաբան Շահեն Խաչատրյանը

18:12, ուրբաթ, 22 հոկտեմբերի, 2021 թ.
Կյանքից հեռացել է վաստակաշատ արվեստաբան Շահեն Խաչատրյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 87 տարեկանում կյանքից հեռացել է արվեստաբան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային պատկերասրահի երկարամյա տնօրեն Շահեն Խաչատրյանը:

Շահեն Խաչատրյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: 1946 թ. տեղափոխվել է Հայաստան և շարունակել ուսումը Երևանի թիվ 29 միջնակարգ դպրոցում: Վաղ հասակից երգել է եկեղեցական երգչախմբում, հետաքրքրվել է նկարչությամբ: 1959 թ. աշխատանքի է ընդունվել Հայաստանի պետական պատկերասրահում, որտեղից մեկնել է՝ սովորելու Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայի արվեստաբանական բաժնում: Ստացել է արվեստաբանի դիպլոմ: 1967 թվականին Մարտիրոս Սարյանի առաջարկությամբ նշանակվել է նրա նորաստեղծ թանգարանի տնօրեն, որտեղ աշխատել է մինչև 2005 թվականը: 1990-2003 թթ. միաժամանակ ղեկավարել է Հայաստանի ազգային պատկերասրահը:

Շահեն Խաչատրյանի թանգարանային գործունեությանը բնորոշ են հայ նկարիչների մասին լույս ընծայած բազմաթիվ հոդվածները, հեռուստատեսային ելույթները և տասնյակ ցուցահանդեսների կազմակերպումը խորհրդային երկրներում և արտասահմանյան մի շարք քաղաքներում: Հեղինակել է բազմաթիվ գրքեր` «19-20-րդ դարերի հայկական արվեստ», «Ֆրանսահայ կերպարվեստ», «Հովհաննես Այվազովսկի», «Սարյան» «Պետրոս Կոնտրաջյան», «Մինաս», «Հակոբ Հակոբյան» և այլն, որոնց մի մասը հրատարակվել է նաև արտասահմանում՝ անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն:

Արվեստագետի ակտիվ գործունեության մասն են կազմում տարբեր երկրներից Հովհաննես Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի, Վարդան Մախոխյանի, Գառզուի, Ժանսեմի և այլ վարպետների հարյուրավոր գործերի՝ նվիրատվությամբ հավաքելը, դրանցով Հայաստանի թանգարանները հարստացնելը:

Լույս է ընծայել երիտասարդ սերնդին նվիրված «Ճանաչի՛ր և սիրի՛ր» անվամբ պատկերագրքերի շարք:

2004 թվականից Շահեն Խաչատրյանն աշխատել է Էջմիածնի Մայր տաճարում՝ որպես մշակութային խորհրդական և «Խրիմյան» թանգարանի տնօրեն:

1972 թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման, 1996 թվականին` «Մովսես Խորենացի» մեդալի:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցում է Շահեն Խաչատրյանի հարազատներին ու մերձավորներին, արվեստասեր հանրությանը:

| | |
2284 | 0
Facebook