Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ֆրանսիայում լույս է տեսել Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված Սրբուհի Հովակյանի հուշագրությունը

01:18, չորեքշաբթի, 14 հուլիսի, 2021 թ.
Ֆրանսիայում լույս է տեսել Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված Սրբուհի Հովակյանի հուշագրությունը

Ֆրանսիայի ազգային գրադարանը անգլերեն և ֆրանսերեն լույս է ընծայել Հայոց ցեղասպանությունից մազապուրծ Սրբուհի Հովակյանի «Միայն Երկիրը կարող է օգնել մեզ» (անգլ.՝ «The Earth Alone Can Help Us») օրագրություն-հուշագրությունը՝ Ռայմոնդ Գևորգյանի և Մաքսիմիլիան Ժիրարի խմբագրությամբ: Մայիսի 11-ին Ֆրանսիայի ազգային գրադարանում տեղի է ունեցել գրքի շնորհանդեսը, որի ժամանակ ներածական խոսոքվ հանդես են եկել Ռայմոնդ Գևորգյանը, Մաքսիմիլիան Ժիրարը և Աննի Ռոմանը՝ Սրբուհու թոռնուհին:
     ▪ Սրբուհի Հովակյանի հուշագրությունը բացառիկ է նրանով, որ գրվել է հայերի դեմ Օսմանյան պետության իրագործած ցեղասպանության օրերին: Ականատեսի վկայությունները նկարագրում են 1915-1918 թթ. իրադարձությունները: Նա այն եզակի հայերից է, որ ականատես լինելով Հայոց ցեղասպանության թերևս ամենասարսափելի դրվագներից մեկին՝ Քեմախի կիրճի սպանդին, կարողացել է փրկվել:
     ▪ 1915թ. հունիսին, երբ սկսվել է Տրապիզոնի հայերի տեղահանությունը, Սրբուհին ընտանիքի հետ գաղթի ճանապարհն է բռնել դեպի Երզնկա: Հաղթահարելով բազում դժվարություններ՝ քսաներկուամյա Սրբուհին փախչել է տարագրվածներին ուղեկցող պահակախմբից, որն արդեն հասել էր Սև ծովի ափին՝ Կիրասոն: Մինչ այդ նա ստիպված էր եղել բաժանվել իր չորսամյա որդուց՝ Ժիրայրից: Գաղթի ճանապարհին կորցրել է նաև դստերը՝ Աիդային, որին հետագայում այդպես էլ չի կարողացել գտնել:
     ▪ Ահա թե ինչ է գրել Սրբուհին Երզնկայի ճանապարհին. «6 ժամ օրը կը քալէինք անօթի ծարաւ առանց նպատակի: Ճամբայ մը քալէ եւ քալէ մինչեւ որ կեանքիդ վերջ տաս, չարչարանք մը որ աննկարագրելի է…. Եփրատ գետը միշտ քովերնիս կ’անցնէր ամէն վայրկեան կը սպասէինք որ գետը նետեն մեզի: Երկու կառք փոքրիկ տղայքներ ամբողջ տարին գետը նետեցին: Ո՛հ ինչ սոսկալի էր այդ տեսարանը դեռ աչքիս առաջն է այդ տեսարանը եւ բնաւ միտքէս չելլաւ կարծեմ որ յաւիտենական չպիտի ելլայ: Երբ այդ տղոցը մարմինները ջուրին մէջ տեսայ եւ դեռ անդամները կը շարժէին եւ այդկէ սոսկալի աւելի ազդուեցայ երբ տեսայ այդ հրէշները կը դիտէին հեգնական ժպիտով մը: Ով Աստուած իմ միայն կ’աղաչեմ որ այս խեղճերուն վրէժը լուծելը տեսնամ»:
     ▪ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը իր երախտագիտությունն է հայտնում Ֆրանսիայի ազգային գրադարանին այս հույժ կարևոր հրատարակության համար՝ կարևորելով հուշագրությունների դերը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության և տարածման գործում:

3932 | 0
Facebook