Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի է՝ երբ կգումարվի նորընտիր խորհրդարանի 1–ին նիստը

22:50, երեքշաբթի, 22 հունիսի, 2021 թ.
Հայտնի է՝ երբ կգումարվի նորընտիր խորհրդարանի 1–ին նիստը

Արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորված նոր Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա հուլիսի 5–ին: Դա ՀՀ Սահմանադրության պահանջն է։ Օրը համընկնում է ՀՀ Սահմանադրության օրվա հետ։

Սահմանադրության 90–րդ հոդվածի 5–րդ կետով նախատեսված է, որ «նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին»:

Իսկ թե երբ է բացվելու այդ նստաշրջանը, հստակեցնում է արդեն ՀՀ Ընտրական օրենսգիրքը։

ԸՕ 75–րդ հոդվածը նախատեսում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների արդյունքների վերաբերյալ պետք է որոշում ընդունի քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը։

Դե, իսկ քանի որ քվեարկությունը տեղի է ունեցել անցած կիրակի օրը` հունիսի 20-ին, դրան հաջորդող 7-րդ օրը կլինի արդեն առաջիկա կիրակին` հունիսի 27–ը:

Ի դեպ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքն էլ սահմանում է նիստի ժամը` 10:00-ին։

Համոզվելու համար, որ օրենքի ժամկետների վերաբերյալ մեկնաբանությունը ճիշտ է, «Սպուտնիկ Արմենիա»-ն դիմել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանին, որը հաստատել է, որ ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփող որոշումը կընդունվի հունիսի 27-ին նախանշված նիստում։

Ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը մինչ ԱԺ նախագահի ընտրությունը կվարի տարիքով ամենաավագ պատգամավորը` ինչպես նախատեսում է ԱԺ կանոնակարգ օրենքը։ Ինչպես 2017–ին ընտրված վերցերորդ, այնպես էլ 2018թ–ին ընտրված յոթերորդ գումարման խորհրդարանների առաջին նիստերը վարել է Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը։ Այս անգամ նույնպես, ամենայն հավանականությամբ, այդ պարտականությունը կկատարի արդեն 75-ամյա Հասանովը, քանի որ նա ներկայացված է ՔՊ–ի ազգային փոքրամասնությունների ընտրական ցուցակում։ Հակառակ դեպքում նիստը կվարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, 70-ամյա անկուսակցական Վիգեն Խաչատրյանը։

Նշենք նաև, որ ԱԺ նախագահի պաշտոնը կհասնի ՔՊ–ին, նրա երեք տեղակալներից երկուսը ևս կլինեն նույն խմբակցության անդամներ, իսկ մեկը կլինի «Հայաստան» դաշինքից։

ԱԺ 11 մշտական հանձնաժողովների նախագահներից առնվազն 3-4–ը ևս կլինեն ընդդիմության ներկայացուցիչներ։

4133 | 0
Facebook