Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մարտակերտում ռմբակոծության հետևանքով զոհվածներից երկուսը կին են, մեկը՝ տղամարդ. ԱՀ ՄԻՊ

17:30, չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.
Մարտակերտում ռմբակոծության հետևանքով զոհվածներից երկուսը կին են, մեկը՝ տղամարդ. ԱՀ ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել. «Սեպտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկություն է ստացել, որ նույն օրը ադրբեջանական զինված ուժերի կողմից Մարտակերտ քաղաքի քաղաքացիական օբյեկտների ռմբակոծության հետևանքով երեք քաղաքացիական անձ է զոհվել՝ երկու կին և մեկ տղամարդ, իսկ մեկը՝ վիրավորվել է: Զոհվածների և վիրավորի ինքնությունը ճշտվում է:
     Ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին՝ Մարդու իրավունքների պաշտպանը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության ու օբյեկտների նպատակային ու շարունակական թիրախավորումը, ինչը քաղաքացիական բնակչության շրջանում հանգեցնում է մարդկային ու գույքային լրջագույն կորուստների: Պաշտպանն արձանագրում է, որ Ադրբեջանը կոպտագույն կերպով խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը՝ ոչ խտրական ու միտումնավոր կերպով կրակ վարելով քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ:
     Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կազմակերպություններին համապատասխան գնահատական տալ ադրբեջանական զինված ուժերի գործողություններին և կիրառել իրենց ողջ գործիքակազմը Արցախի Հանրապետության բնակչության իրավունքների լայնամասշտաբ ու վայրագ ոտնահարումները կանխելու նպատակով»:

7081 | 0
Facebook