«Դիմում եմ հայ ժողովրդին, որ այսօր օգնեն դատավոր Մակյանին՝ այսօր ծնվի արդարություն. այն է՝ փակել Արշակունյացին հարակից բոլոր փողոցները: Դիմում եմ Մոնթե Մելքոնյանի դպրոցի աշակերտներին. սիրելի՛ ժողովուրդ, ես իմ որդուն տվել եմ ձեզ, որ մի օր դուք ձեր որդիներին վստահեք մեզ»,- դիմելով դատավոր Մեսրոպ Մակյանին և քաղաքացիներին, ասաց «Սասնա ծռեր»-ի անդամ Պավլիկ Մանուկյանը: Նա հավելեց, որ «Սասնա ծռեր»-ը փախչելու տեղ և նման նպատակ չունեն:
«Այս դատարանի դահլիճից առաջինը դուրս պետք է գան Բիլյան Արմենը և Բարսեղյան Սմբատը, վերջինը ես եմ լինելու»,- շարունակեց Պավլիկ Մանուկյանը:
Լսելով Պ. Մանուկյանին, դատավորն արձագանքեց, որ ինքը երբեք ոչ ոքի օգնության և օժանդակության կարիքը չի զգացել, առավել ևս՝ այսօր: Նա նշեց, որ որոշումը կայացվելու է բացառապես օրինական դաշտում:
Պ. Մանուկյանը պահանջեց, որ դատական նիստի դահլիճում կազմակերպվի հանդիպում ԶԼՄ ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք, որ այս դատական նիստում «Սասնա ծռեր»-ի շահերի պաշտպանները միջնորդում են ազատ արձակել իրենց պաշտպանյալներին: