Ոստիկանության լրատվական բաժնի պետ Էդգար Ջանոյանը հաստատեց
MAMUL.am-ի տեղեկությունը, ըստ որի՝ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի տներից մեկի բակում նորածին երեխա է հայտնաբերվել: «Օգոստոսի 12-ի առավոտյան՝ ժամը 09:25-ին քաղաքացին հայտնել է, որ Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցի հողամասի ծառի տակ նորածին երեխա կա: Երեխային տեղափոխել են «Նաիրի» ԲԿ»,- ասաց Ջանոյանը:
Պռոշյանի բնակիչները մեր թղթակցի հետ զրույցում պատմել էին հետևյալը. «Ում տան մոտ, որ թողել էին երեխային, դեռ գիշերվանից լսել է ձայնը, բայց մտածել է, թե կատուներն են: Առավոտյան նոր տեսել է, որ երեխա է: Նորածինն էլ ամբողջովին մերկ է եղել, նույնիսկ շորով չէին փաթաթել, պորտալարն էլ վրան է եղել»:
Դեպքի հանգամանքները պարզվում են: