«Երիտասարդ 3 նկարիչ և 4 ժամանակակից գրող համատեղ կազմակերպել ենք ցուցահանդես: Նման նախագիծ Հայաստանում առաջին անգամ է իրականացվում, փորձել ենք դուրս գալ դասական վիճակից, նույնիսկ տեղի ընտրության հարցում, ամենատարբեր ստեղծագործությունները ցուցադրելու ենք Նոր Արվեստանոցի բակում»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց երիտասարդ նկարիչ Հարութ Հովսեփյանը:
Ապրիլի 30-ին Նոր Արվեստանոցում երիտասարդ գրողների ու նկարիչների կազմակերպած ցուցահանդեսին գույնն ու բառը, հանդիպելով իրար, առաջացնելու են «Խելաշեղում»։ «Մենք` երիտասարդ արվեստագետներս, ցանկանում ենք համատեղ հանդիպել կտավի և բանաստեղծության խաչմերուկում։ Գեղանկարչության և գրականության միացյալ ցուցահանդեսներն արդեն կազմակերպվել են Լոնդոնում և Նյու Յորքում: Հաջորդը լինենք մենք»։
Հարութ Հովսեփյանը նշեց, որ հիմա զբաղվում են մշակույթի մարդկանց ու հայտնիներին հրավիրելով, նպատակն է համախմբել բոլոր երիտասարդ արվեստագետներին. «Ուզում ենք երիտասարդների մեջ սերմանել համախմբվածությունը»,- նշեց նկարիչը: