«Էկրանից այն կողմ նստած էր մեր նորագույն պատմության քաղաքական մտքի ամենամեծ գիգանտներից մեկը». Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի արձագանքները
Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում` ՀՀ առաջին նախագահ, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը հասարակության շրջանում ակտիվ քննարկում է առաջացրել: Քաղաքացիներին հատկապես բարկացրել է հողերը հանձնելու մասին նրա դիտարկումը: |
Կարեն Քոչարյան, քաղաքական մեկնաբան
Անկախ նրանից համաձայն եմ թե ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի մտքերի հետ (տվյալ դեպքում շատ հարցերում համաձայն չեմ), չեմ կարող չնշել, որ էկրանից այն կողմ նստած էր մեր նորագույն պատմության քաղաքական մտքի ամենամեծ գիգանտներից մեկը... եթե ոչ ամենամեծը: Ափսոս շատ է ծերացել: |
Արա Պապյան, քաղաքագետ
ԼՏՊ անդրադարձավ շատ բանի, բայց չասաց 1994թ. մայիսին ո՞վ և ինչու՞ կասեցրեց հայոց զորքերի հաղթական երթը և պատերազմը մնաց անավարտ ու հիմա այս անավարտ վիճակը գրեթե ամեն օր զոհեր է բերում: Զոհերի հարցն էլ շահարկվում է Հայաստանի ռազմաքաղաքական վիճակն էլ ավելի վատացնելու նպատակով: |
Արգիշտի Կիվիրյան, վերլուծաբան, ակտիվիստ
Լևոն Տեր-Պետրոսյանը իր վերջին հարցազրույցում բառացի հայտարարեց, որ Արցախյան հարցի ներկայիս առաջարկվող լուծումը եթե չընդունենք, հաջորդ լուծումը շատ ավելի վատ ա լինելու: Բա այս պարագայում Իլհամ Ալիևը ապուշ ա, որ համաձայնվի ներկայիս լուծմանը, մնում ա լսի Լևոնի հարցազրույցը և սպասի Ադրբեջանի համար շատ ավելի լավ հաջորդ լուծման... |
Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ
Ինչու՞ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վարդան Օսկանյանը չեն միավորվել։ Երկուսն էլ համարել են, որ Արցախի տարածքում Ադրբեջանից օկուպացված տարածքներ կան։ Շատ ներդաշնակ դաշինք կլիներ։ Երկուսն էլ իրենց վերջին հարցազրույցներում ռուսների առաջ ուղղակի հալվում են... Դաշինքի անունն էլ դնեին՝ ԼՕՐՕ կամ նման մի բան... էս ինչքան ընկանք, էս ուր հասանք։ Ինչ տղերք մեռան ու զոհվեցին, որ սա՞ լիներ.... |
Դավիթ Սանասարյան, «Ժառանգություն» խմբակցության մամուլի խոսնակ
Շնորհակալություն ասենք Տեր-Պետրոսյանին, որ հող հանձնելու հարցը ընտրությունների տեսքով հանրաքվեի է դնում, ու արդյունքում կտեսնեք, որ ժողովուրդը մերժելու է նման դիրքորոշումը՝ ՀԱԿ-ՀԺԿ-ին ձայն չտալով ու սեփական կամարտահայտությունն ամրագրելով։ |
Քրիստ Մանարյան, դրամատուրգ, դերասան
Շատ, շատ տհաճ եթեր, անհամարձակ հաղորդավարուհով, որտեղ առաջին նախագահն ինչպես միշտ ամբոխավարի կեցվածք ընդունած բարբաջում ա, ժողովրդին պիտակավորում ա, փորձում ա միամիտներին համոզել, որ աշխարհի օրենքների դեմ ոչինչ չունենք դնելու ու դրա ծուռ բերնին գրագետ ձևով էկող չկա: |
Արմեն Մովսիսյան, երգիչ, երգահան
Ամենահետաքրքիրն այն է, որ լուրջ մարդկանց մի խումբ ոչ բարով խերով յաշիկի ելույթ ունեցած արարածի մտքերն են վերլուծում: Ինչպես կասեր մարդամեկի տատը` եկել ես, որ ինչ ասես այ մոզի: Նստի քեզ համար մի հատ գիրք գրի վկաներիդ բաժանի, ասա էդ խոսացողներից մեկը Արցախ մի անգամ եղե՞լ է, արցախցի մի ծանոթ գոնե ունի՞, մի տուն մտել հաց կիսե՞լ է, որ հիմա էդ հողերի մասին նույնիսկ փորձի լպտալ: |
Արմեն Դուլյան, վերլուծաբան
էս ամբողջ հարցազրույցի անթաքույց ակնարկը, որքանով հասկացա, մեկն էր՝ քվեարկեք հանրապետականների օգտին... |