Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչո՞ւ ցանկացած երկրում ապրող հայը կարող է Հայաստան գալ առանց որևէ խոչընդոտի, իսկ սիրիահայ մեր հայրենակիցը մեկամսյա քաշքշուկի մեջ ընկնի». Սարգիս Հացպանյան

10:25, ուրբաթ, 28 հոկտեմբերի, 2016 թ.
«Ինչո՞ւ ցանկացած երկրում ապրող հայը կարող է Հայաստան գալ առանց որևէ խոչընդոտի, իսկ սիրիահայ մեր հայրենակիցը մեկամսյա քաշքշուկի մեջ ընկնի». Սարգիս Հացպանյան

Պարզվում է` այս օրերին, Սիրիայի շատ շրջաններից, հատկապես Լիբանանի, Լաթաքիայի, Դամասկոսի հայկական գաղթօջախներից, մարդիկ չեն կարողանում անարգել տեղափոխվել Հայաստան. նրանցից շատերն այսօր սպասում են իրենց թռիչքներին, ցանկանում են տեղափոխվել Հայաստան, բայց, անհասկանալի պատճառներով, խոչընդոտվում է նրանց տեղափոխման հարցը, այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց սփյուռքահայ հասարակական-քաղաքական գործիչ, «Հալեպահայեր, մեզ բացակա չդնեք» նախաձեռնության հիմնադիր Սարգիս Հացպանյանը:

«Այստեղ շատ տարօրինակ բան կա: Մեզ համար անհասկանալի է, ուզում ենք պարզել և բարձրաձայնել»,- մտահոգություն հայտնեց մեր զրուցակիցը և շարունակեց. «ՀՀ ԱԳՆ-ն մեզ համար չճշտված և չհասկացված լուր է տարածել, ըստ որի, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող մեր հայրենակիցների ՀՀ մուտքի վիզայի ապահովումը միամսյա ժամկետ է պահանջում: Անհասկանալի է հետևյալը. ՀՀ-ն աշխարհում շատ քիչ թվով երկրների շարքում է, որոնք վիզան տրամադրում են էլեկտրոնային եղանակով, այսինքն` ցանկացած մարդ, կարող է իր համակարգչով էլ մուտք գործել, իր վիզան վերցնել և հասնելով Հայաստան` ցանկացած սահմանային անցակետում ներկայացնել այն ու վերջ»,- ասաց Հացպանյանը` տարակուսելով, թե ինչու այս օրենքը չի կիրառվում նաև Սիրիայի Հանրապետության քաղաքացիների համար, որոնք դրա կարիքն ամենից շատ ունեն:

Ըստ նրա, այս խնդրում միակ պատճառաբանությունը կարող է զինակոչի տարիքի երիտասարդների տեղաշարժման իրավունքի սահմանափակումը լինել, քանի որ ինչպես մեր երկրում, այնպես էլ այլ երկրներում, կարգն այդպես է:

«Եթե խոսքը վերաբերվում է զինակոչի տարիքի երիտասարդներին, որոնք պետք է բանակ գնան, դա շատ նորմալ է և հասկանալի, բայց մյուսների համար անհասկանալի է: Ինչո՞ւ Բեյրութում կամ Ֆրանսիայում, Կանադայում, Ամերիկայում կամ ցանկացած այլ երկրում ապրող հայը կարող է Հայաստան գալ առանց որևէ խոչընդոտի, իսկ պատերազմից իրենց կյանքը փրկել ցանկացող մեր հայրենակիցը մեկ ամսվա քաշքշուկի մեջ ընկնի և չկարողանա գալ»- ասաց նա` հավելելով. «Ես շատ կուզենայի ԱԳՆ-ի հյուպատոսական վարչությունն այս ամենի մասին պարզաբանում տա, բացատրի, թե որտեղ է թաղված շան գլուխը և թե մեկամսյա ժամկետն ինչի համար է»,- եզրափակեց Սարգիս Հացպանյանը:

4882 | 0
Facebook