Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե պատերազմն սկսվեր ոչ թե 03:45-ին, այլ 01:00-ին, ես չգիտեմ` ինչպես կավարտվեր». Հ. Բագրատյան

16:05, ուրբաթ, 29 ապրիլի, 2016 թ.
«Եթե պատերազմն սկսվեր ոչ թե 03:45-ին, այլ 01:00-ին, ես չգիտեմ` ինչպես կավարտվեր». Հ. Բագրատյան

«Երբ 93-ի պատերազմին դարձա վարչապետ, հարցրեցի` ի՞նչ խնդիրներ կան բանակի առաջ, որ չեն լուծվել 91-92-ին: Հարց համար 1. բանակում պետք է լինի կապ: Կապը եղավ 15 օր հետո: Հարց համար 2. մենք չենք կարողանում տեսնել և խփել հակառակորդի ինքնաթիռները. դա էլ եղավ անհավանական կերպով: Հայաստանն իր ուժերով, առանց որևէ մեկի օգնության, ստեղծեց ավելի հզոր հակաօդային պաշտպանություն, քան թե ուներ ՌԴ-ն: Մենք խփում էինք ցանկացած ինքնաթիռի: Եվ մենք հասկացանք, եթե նույնիսկ Ադրբեջանն ունի 200 տանկ` մեր 70-80-ի դիմաց, դա վճռորոշ լինել չի կարող»,- այսօր, «Արտաքին և ներքին վերջին քաղաքական զարգացումները» թեմայով ասուլիսի ժամանակ, ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը` հավելելով. «Եթե ապրիլի 2-ին պատերազմը սկսվեր ոչ թե 03:45-ին, այլ 01:00-ին, ես չգիտեմ` ինչպես դա կավարտվեր, քանի որ մեր զինվորները չունեն գիշերային տեսանելիության սարքեր»։

Բանակի խնդիրներից մեկն էլ զենքի պակասն է, որն, ի դեպ, բավականին մեծ քննարկումների արժանացավ հանրության կողմից:

Բագրատյանը նշեց, որ Խորհրդային տարիներին ունեցել ենք փամփուշտներ և արկեր արտադրող «Օրբիտա» գործարան, որի աշխատանքը վաղուց դադարեցված է: «Իմ վարչապետության ժամանակ պատերազմի տեխնիկան սա էր: Այսօրվա իշխանությունը պարտավոր է այս հարցերը լուծել: Այդ ամենը մի քանի միլիոնի հարց է: Գործարանը դեռ 90-ականներին աշխատում էր, ո՞վ պետք է կազմակերպի այդ գործարանի աշխատանքը… դա իմ խնդիրը չէ: Մենք նույնիսկ համեմատական առավելություն ունեինք այն ժամանակ, ասենք, օրինակ, գիշերը տանկը վարելու հարցում»,- շարունակեց նա` նշելով, որ իր խնդիրը, որպես ընդդիմադիր պատգամավորի, դրական փոփոխության ակնկալիքով, այս հարցերը բարձրացնելն է:

8815 | 1
Facebook