Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում. Համահայկական խաղերի մասնակիցները կիսվում են տպավորություններով

21:51, երեքշաբթի, 04 օգոստոսի, 2015 թ.
Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում. Համահայկական խաղերի մասնակիցները կիսվում են տպավորություններով
     Օգոստոսի 2-ին Հայաստանում մեկնարկած Համահայկական 6-րդ ամառային խաղերի շրջանակներում այսօր կայացան մի շարք մարզաձևերի մրցումներ։
     ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը փոխանցում է, որ մարզիկները մեծ սիրով և ոգևորությամբ են մասնակցում խաղերին՝ վայելելով հայրենիքում անցկացված ամեն օրը։ Նրանց խոսքով՝ հիանալի գաղափար է խաղերի կազմակերպումը, որն օգնում է նոր ընկերներ ձեռք բերել․
    
     Գևորգ ԼազարյանԱթենքի թիմի բասկետբոլիստ
    
     - Առաջին անգամ եմ խաղերին մասնակցում։ Շատ դուր եկավ այս ամենը։ Եթե էլի խաղեր կազմակերպվեն, անպայման կմասնակցեմ։ Չնայած որ Հունաստանում եմ ծնվել և ապրում, շատ բարեկամներ և ընկերներ ունեմ Հայաստանում։ Այս խաղերի գլխավոր նպատակը հայությունը պահպանելն է և հնարավորինս շատացնելը։ Երեք տարի առաջ առաջին անգամ եկել էի Հայաստան։ Այս անգամ նկատեցի, որ տարիներն անցնում են, և Հայաստանը շատ է նմանվել Եվրոպային։
    
     Մարզիչները, բացի համախմբման գաղափարից, դրական կողմեր են տեսնում նաև բարձր մակարդակ ունեցող արտասահմանյան թիմերի հետ հանդիպումների մեջ։
    
     Գրիշա Պողոսյան․ Արտաշատի ֆուտբոլի թիմի գլխավոր մարզիչ
    
    
- Առաջին անգամ ենք մասնակցում խաղերին։ Մենք, իմանալով, որ լինելու են Համահայկական խաղեր, որոշեցինք մասնակցել։ Մեզ չմերժեցին։ Մոտ 1-1,5 ամիս առաջ ձևավորվեց թիմը։ Արտաշատի քաղաքապետը մեզ աջակցելով տրամադրեց քաղաքային մարզադաշտը՝ մարզումների համար։ Ռուսական թիմերը միշտ լավն են, ավելի փորձառու։ Բայդ դա կարևոր չէ։ Ամենակարևորը միասնությունն է, ինչն ամեն ինչ արժե։ Անկախ նրանից` այսօր ով կհաղթի, ով կպարտվի, կարևորը գաղափարն է։ Այն աշխատում է։ Ողջունում եմ բոլոր կազմակերպիչներին։ Փառք Աստծո, որ կա միավորվելու այս առիթը, վայելելու այս հիանալի օրերը՝ աշխարհին ցույց տալով, որ մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում։ Առհասարակ, մենք շեշտը դրել ենք միաբանման վրա։ Խաղից առաջ տղաներին ասում էի, որ սիրով խաղան մրցակիցների դեմ։
    
     Ալեսանդր Վեհապետյան․ Սոչիի բասկետբոլի թիմի գլխավոր մարզիչ
    
    
- Արտասահմանցի մարզիկներն ավելի փորձառու են։ Մրցակցությունն այնտեղ ավելի բարձր է, և մարզիկներն աճում են։ Մեր թիմի բոլոր մարզիկներն ունեն հայկական արմատներ, նրանց կարոտը մեծ է։ Սիրով են գալիս հայրենիք, սիրով են մասնակցում մրցումներին։ Իրենց շատ լավ են զգում այստեղ։ Հիանալի գաղափար է։
3550 | 0
Facebook