Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ծննդկանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

16:48, երկուշաբթի, 03 օգոստոսի, 2015 թ.
Ծննդկանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ծննդկանի մահվան դեպքի առթիվ։
     2015թ. հուլիսի 27-ին կեսարյան հատումից հետո «HELLP» սինդրոմ համախտանիշ երկկողմանի թոքաբորբ»
     ախտորոշմամբ «Էրեբունի» ԲԿ տեղափոխված Մերի Մարգարյանը 2 օր անց մահացել է:
     Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Մ. Մարգարյանը 4 օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, սակայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շ. Բախշյանը, պարտավոր լինելով կնոջը հոսպիտալացնել, հրաժարվել և չի կատարել իր պարտականությունները։
     Ցուցաբերված անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով Մ. Մարգարյանը 2015թ-ի հուլիսի 29-ին մահացել է, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ): Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու մահվան պատճառները։
     ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Հովսեփյանի հանձնարարությամբ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է Երևանի քննչական վարչության վարույթում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցներ՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    
     ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

9946 | 2
Facebook