Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բաբկեն Պիպոյանն` Ալաշկերտում գրանցված թունավորումների մասին. «Պարտադիր չէ` մահ լինի, որ նոր իրար խառնվեն»

15:31, չորեքշաբթի, 27 մայիսի, 2015 թ.
Բաբկեն Պիպոյանն` Ալաշկերտում գրանցված թունավորումների մասին. «Պարտադիր չէ` մահ լինի, որ նոր իրար խառնվեն»

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօրվա ասուլիսում` անդրադառնալով Արմավիրի մարզի մանկապարտեզներում թունավորումների դեպքերին, առաջարկեց սնունդը վերահսկելու հնարավորություն տալ երեխաների ծնողներին, նրանց դարձնել տեսուչներ. «Ես ասում եմ` լծակը տվեք ծնողին, որպեսզի ծնողը վերահսկի, նա միակ մարդն է, որն ամեն օր մանկապարտեզ է գնում: Ծնողին վերածեք տեսուչի, տվեք նրան ամբողջական տեղեկատվություն, թե ինչ սնունդ է թույլատրվում մատակարարել, ով` ինչ մրցույթում ինչ է շահել և այլն. ծնողներն այդ ամենը բարեխղճորեն կվերահսկեն»,- ասաց նա` խնդրելով լրագրողներին սննդի անվտանգության պետական տեսչությանը հարց ուղղել` մթերքի հետ կապված քանի՞ մոնիթորինգ է արվել մինչ օրս, ունե՞ն տեղեկատվություն, որ այսքան ընկերություն մանկապարտեզին մատակարարելու է այսքան մթերք և այլն. «Եթե կասեն այո, ճիշտ չէ»,- հավելեց Պիպոյանը:
     ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հարցին` մի՞թե նախարարությունը շահագրգռված չէ, որ մոնիթորինգ անցկացվի, բանախոսն ասաց. «Նախարարության պատասխանը մեկն է` «ինչքան կարում ենք, անում ենք, էլ ի՞նչ անենք»:
     Թե որն է խնդիրը կանխելու ելքը, Պիպոյանն ընդգծեց` պատասխանատվությունն է, որը պետք է կրեն:
     Վերջինը ցավ հայտնեց, որ մեր երկրում, հատկապես սննդամթերքի ոլորտում այս ուղղությամբ գործողությունները մտնում են վճռական փուլ, երբ որ «դանակը ոսկորին է հասնում»: «Քանի դանակը ոսկորին չի հասել` սկզբունքորեն ոչինչ չի արվում, ուսումնասիրությունները մեզ մոտ վերջին փուլում են իրականացվում, երբ արդեն բանը բանից անցել է… Ոչ ոք առողջապահության նախարարությանը չի հարցնում` կատարվածը ձե՞ր մեղավորությամբ էր, թե՞ սննդի անվտանգության տեսչության, ո՞ր մեկի բացթողումն էր դա»,- հարցադրում արեց բանախոսը` հավելելով, որ ոչ թե թունավորումից հետո պետք է շատ արագ գնալ, հասնել դեպքի վայր, այլ մինչև թունավորումը` հանգիստ գնալ, ուսումնասիրություն անել և հետ գալ. «Չի կարելի նման բան թույլ տալ, մեղք է այս ժողովուրդը, պարտադիր չէ մահ լինի, որ նոր իրար խառնվեն»:
     Հիշեցնենք` մայիսի 18-ին թունավորման ախտանշաններով Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են հոսպիտալացվել 3-6 տարեկան Ալաշկերտ գյուղի 9 և թիվ 6 մանկական նախադպրոցական կազմակերպությունների շուրջ 16 երեխաներ: Բոլորի մոտ նկատվել են նույն ախտանշանները` լուծ, փսխում, ջերմություն և ընդհանուր թուլություն։

3270 | 1
Facebook