Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Էդգար Մանուչարյանը՝ Հայաստանի հավաքականի խաղի, Բեռնար Շալանդի և հայկական ֆուտբոլի ներկա վիճակի մասին

18:10, ուրբաթ, 22 մայիսի, 2015 թ.
Էդգար Մանուչարյանը՝ Հայաստանի հավաքականի խաղի, Բեռնար Շալանդի և հայկական ֆուտբոլի ներկա վիճակի մասին
     Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը երեկ հարցազրույց է տվել «Eurofootball»-ին, որի ընթացքում անդրադարձել է ազգային հավաքականի ելույթներին՝ Եվրոպայի 2016 թվականի ընտրական փուլում:
     -Ընթացիկ ընտրական փուլում Հայաստանի հավաքականը չորս խաղում հավաքել է ընդամենը մեկ միավոր, սակայն բոլոր խաղերում կարող էր հաղթել: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է պատճառը: Արդյո՞ք այստեղ իր մեղքն ունի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը:
     -Կարծում եմ, որ Շալանդը դրանում մեղավոր չէ: Այդ խաղերում պարտվել է թիմն, այլ ոչ թե առանձին ինչ-որ մեկը: Բեռնարը շատ լավ մասնագետ է: Հարցազրույցներից մեկում նա ասել է, որ եթե հանդիպումներն ավարտվեին 70-րդ րոպեին, մենք չորս խաղում 12 միավոր կվաստակեինք։
     -Ի՞նչն է պատճառը, որ հավաքականը պարտվում է վերջնամասում:
     -Կարծում եմ՝ այստեղ հարցը կոնցենտրացիայի մեջ չէ, այլ խաղադաշտում մեր գործողությունների: Մենք ֆուտբոլ չէինք խաղում, շատ ժամանակ աշխատում էինք առանց գնդակի՝ փորձելով անընդհատ վերցնել այն մրցակցից, իսկ երբ շատ ես վազում առանց գնդակի՝ արագ հոգնում ես: Այստեղից է ամեն ինչ գալիս: Անկեղծ ասած՝ ես չեմ հիշում թե, երբ է Հայաստանի հավաքականը վերջին անգամ այդքան խաղացել առանց գնդակի: Իմ կարծիքով՝ Շալանդի միակ սխալը ոչ ճշգրիտ փոփոխություններն էին: Օրինակ՝ վերջին խաղում Ալբանիայի հետ պետք էր փոխարինել դեղին քարտ ունեցող Համբարձումյանին: Մենք հանդիպումը կավարտեինք լրիվ կազմով և, չեմ կասկածում, որ միավոր կվաստակեինք: Հիմա Հայաստանի հավաքականը խաղում է «խփիր և վազիր» մարտավարությամբ: Պաշտպանները ստանում են գնդակը և չգիտեն, թե ում փոխանցում կատարեն, դրա համար էլ ստիպված ուժեղ հարվածով առաջ են ուղարկում և կրկին սկսում են պայքարել գնդակի համար: Այստեղ էլ հավաքվում է հոգնածությունը խաղավարտին: Հայաստանի հավաքականում որակով ֆուտբոլիստներ են խաղում, դրա համար էլ պետք է խաղը կառուցել փոխանցումների միջոցով, այլ ոչ թե անիմաստ գնդակն ուղարկել առաջ:
     -Ստացվում է, որ Մինասյանի օրոք ընտրանին ավելի լավ էր խաղում, քան Շալանդի գլխավորությա՞մբ:
     -Այո, կարելի է այդպես էլ ասել: Մինասյանի օրոք թիմը ավելի կոմբինացիոն ֆուտբոլ էր խաղում:
     -Ի՞նչ եք կարծում, Հայաստանի հավաքականը կկարողանա՞ դուրս գալ խմբից և հայտնվել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում:
     -Կարծում եմ՝ հնարավորություններ ունենք: Կարևորը, որ հաղթենք մնացած խաղերում: Հիմա տնային խաղերի շարք է մեզ սպասում, որտեղ մենք պետք է վերցնենք 9 միավոր:
     -Ինչպե՞ս եք վերաբերում այն փաստին, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սարգիս Հովսեփյանը:
     -Շատ լավ։ Վերջերս մենք միասին հանդես էինք գալիս ազգային հավաքականում: Հիմա ինչ-որ խորը հետևություններ պետք չէ անել, ժամանակը ցույց կտա: Տա Աստված, նրա մոտ ամեն ինչ ստացվի: Ամեն ինչ կախված է միայն նրանից։
5538 | 1
Facebook