Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քաղաքապետի հրամանը խախտողները խստորեն կպատժվեն». Արթուր Գևորգյանը` վերջինզանգյան դրամահավաքության լուրերի մասին

11:15, երկուշաբթի, 11 մայիսի, 2015 թ.
«Քաղաքապետի հրամանը խախտողները խստորեն կպատժվեն». Արթուր Գևորգյանը` վերջինզանգյան դրամահավաքության լուրերի մասին

Մայրաքաղաքի դպրոցները պատրաստվում են վերջին զանգին, որը տեղի կունենա մայիսի 22-ին: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս մրցակցություն է գնում հանրակրթական դպրոցների միջև, թե, օրինակ, նրանցից որը տարեվերջյան ավելի շքեղ միջոցառում կկազմակերպի, կամ` որն ավելի շատ գումար կծախսի:
     Երևանի թիվ 119 ավագ դպրոցի տասներկուերորդ դասարանի աշակերտները, պարզվում է` 2014թ. ուս-տարվա սկզբից գումար են հավաքում. «Սեպտեմբերից հավաքում ենք, որ հասցնենք: Յուրաքանչյուրիցս պահանջվում է 100 հազար: Ամիսը` 10 հազար դրամ տալիս ենք դասատուին: Կան աշակերտներ, որ մինչ օրս ոչ մի կոպեկ չեն տվել, ասել են տարեվերջում միանգամից կտանք, բայց էլի դժվարանում են, չեն կարողանում»,- ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է դպրոցի աշակերտներից մեկը:
     Ծնողները նույնպես դժգոհում են ծախսատար այդ միջոցառումից. «Կարելի էր ամեն ինչ ավելի համեստ անել, ո՞ւմ ենք զարմացնում: Ոչ թե բարձրակարգ ռեստորանում, այլ մի գեղեցիկ, հարմարավետ վայրում կարելի էր նշել այդ միջոցառումը…»,- նշել է սույն դպրոցի ծնողներից մեկը:
     Տեղեկացանք, որ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը օրերս աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի դպրոցների տնօրենների հետ և հրահանգել զերծ մնալ ավելորդ դրամահավաքությունից: Նա ասել է, որ չի հանդուրժելու դրամահավաքի որևէ դեպք և հորդորել «Վերջին դասը կազմակերպել համեստ ու բովանդակալից»:
     Երևանի քաղաքապետարանից հետաքրքվեցինք, թե արդյոք կրթության վարչությունն այդ ուղղությամբ աշխատանքներ տարե՞լ է մայրաքաղաքի դպրոցների տնօրենների հետ:
     Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն, ասաց. «Եթե ծնողները որոշել են իրենց երեխաներին տանել ռեստորան, ի՞նչ անի այդ դեպքում տնօրենը կամ ուսուցիչը: Վերջին զանգի հետ կապված այդ դրամահավաքությունը, որ ասում եք, դպրոցից դուրս է և դրա համար պատասխանատու չէ քաղաքապետարանը: Իհարկե, հասկանում ենք, որ հոգեբանական առումով տգեղ է, որ շատ երեխաներ չունեն հնարավորություն` մասնակցելու այդ միջոցառումներին, բայց ինչ անես, երբ դա որոշում է ծնողական խորհուրդը: Մեր մեղավորությունն այստեղ ո՞րն է: Ինչ վերաբերում է դրամահավաքությանն ընդհանրապես, ապա ուզում եմ կրկին անգամ ասել, որ ոչ միայն վերջին զանգի համար, այլև ցանկացած առիթով, ողջ տարվա ընթացքում, դրամահավաքությունը դպրոցներում խստիվ արգելված է: Քաղաքապետի հրամանը խախտողները խստորեն կպատժվեն»:

6312 | 0
Facebook