Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ընտրական գործընթացների որակը ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարության սկզբունքներին». զեկույց

12:41, երկուշաբթի, 04 մայիսի, 2015 թ.
«Ընտրական գործընթացների որակը ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարության սկզբունքներին». զեկույց
     Ներկայացնում ենք Եվրոխորհրդարանում Արցախի խմբի պատվիրակության՝ ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրություններին իրականացրած դիտորդական առաքելության վերաբերյալ նախնական հաշվետվությունը, որտեղ մասնավորապես ասված է.
     «Իր կարճատև դիտորդական առաքելությունը պատվիրակությունն իրականացրեց համաձայն Եվրոպական խորհրդարանի գործելակերպի՝ նախ հանդիպելով բոլոր թեկնածուներին, ապա շրջելով ավելի քան 20 ընտրատեղամասում, հետևելով որոշ ընտրատեղամասերի բացմանը, քվեաթերթիկների հաշվարկմանը և ընտրատեղամասերի փակմանը: Քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը նշեց, որ ընտրարշավի ընթացքում Ընտրական օրենսգրքի պահանջների էական խախտումներ չեն արձանագրվել, իսկ ընտրություններին մասնակից 7 կուսակցությունների համար ապահովվել են հավասար մրցակցային պայմաններ: Հարկ ենք համարում նշել, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է 3 նորաստեղծ կուսակցություն: Այսուհանդերձ, կուսակցություններից մեկը նշեց ընտրարշավի ընթացքում որոշ թեկնածուների կողմից ծառայողական մեքենաներ օգտագործելու հանգամանքը: Մեկ այլ կուսակցություն տեղեկացրեց զրպարտության մասով իրավական վարույթ սկսելու և կիրառված ճնշումների արդյունքում կուսակցության համար վարձակալած գրասենյակից զրկվելու առթիվ մեկ այլ գործ հարուցելու մասին: Քվեարկության օրը քաղաքական ուժերի մեծ մասի, ինչպես նաև մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների վստահված անձինք ներկա են եղել բոլոր ընտրատեղամասերում: Ոչ վստահված անձինք, և ոչ էլ ընտրողները ընտրական օրենսգրքի խախտումներ չեն արձանագրել: Քվեարկության գործընթացները լավ կազմակերպված են եղել և սահուն են ընթացել դիտարկման համար պատահականության սկզբունքով ընտրված ընտրատեղամասերում: Քվեախցիկները բավականաչափ մեկուսացված են եղել ընտրական գործընթացի համար, իսկ քվեատուփերը պատշաճ կերպով կնքված և կապարակնքված են եղել: Ընտրատեղամասերում պատվիրակությանը չի զեկուցվել քարոզչության, բռնության կամ սպառնալիքի որևէ դեպքի մասին: Ընդհանուր առմամբ ընտրական գործընթացն իրականացվել է միջազգային չափանիշներին համապատասխան, ինչը կարելի է ոչ միայն առաջընթաց համարել, այլև նախանշել որպես ժողովրդավարության և օրենքի գերակայության հստակ միաձուլում Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում: Այս ընտրություններին մասնակցել են ընտրողների շուրջ 71%-ը, ինչն ավելի բարձր ցուցանիշ է, քան ԵՄ մի շարք երկրների ընտրողների մասնակցության ցուցանիշը։ Ընտրական գործընթացների որակը ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարության սկզբունքներին և ապացուցում է ԼՂՀ ինստիտուտների օրինականությունը»:
2854 | 0
Facebook