Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Միակ պատասխանատուն իշխող կուսակցությունն է, բայց կան հարցեր, որոնք վերահսկողությոնից դուրս են». Կարինե Աճեմյանը` Գյումրու դեպքերի մասին

13:28, երկուշաբթի, 20 ապրիլի, 2015 թ.
«Միակ պատասխանատուն իշխող կուսակցությունն է, բայց կան հարցեր, որոնք վերահսկողությոնից դուրս են». Կարինե Աճեմյանը` Գյումրու դեպքերի մասին

Դաժան սպանություններ՝ դարձյալ Գյումրիում: Միմյանց հաջորդող սպանություններն, արդյոք, ինչի՞ հետևանք են: Ինչո՞ւ հենց Գյումրիում: Իշխող կուսակցությունն ինչպե՞ս է վերաբերում տարածված այն տեսակետին, թե Գյումրին անտեսված է հենց իրենց՝ իշխանությունների կողմից, որտեղ պատշաճ վերահսկողություն չի իրականացվում համապատասխան մարմինների կողմից: Ի վերջո, ո՞վ է պատասխանատու այս ամենի համար:
     ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանին ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը խնդրեց մեկնաբանել Գյումրիում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները:
     «Երևի իրավապահ մարմինները պետք է ավելի շատ ուշադիր լինեն: Մյուս կողմից էլ՝ դրանք կենցաղային հողի վրա տեղի ունեցող գործողություններ են… Չեմ կարող ասել` ինչու: Բոլոր այն ծրագրերը, միջոցառումները, որոնք որ իրականացվում են Գյումրիում, հենց իշխանությունների աչքի առաջ են, նրանց ուշադրության կենտրոնում: Այս վերջին դեպքն էլ կենցաղային հողի վրա տեղի ունեցած սպանություն էր»,- դիտարկեց պատգամավորը:
     Հարցին՝ թե ո՞վ է պատասխանատու այս ամենի համար, ասաց. «Եթե դուք իմանաք ուրիշ երկրներում ինչե՜ր են կատարվում, երևի նման հարց չտաք: Իհարկե, երկրի զարգացման համար միակ պատասխանատուն իշխող կուսակցությունն է, բայց կան հարցեր, որոնք վերահսկողությունից դուրս են միշտ և մարդկային գործոնը շատ կարևոր է այստեղ… Երևի թե հասարակությունում ինչ-որ բան այնպես չէ: Չի բացառվում, որ սոցիալական վիճակն էլ է մարդկանց վրա ազդում»,- նշեց մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհում շատացել են բռնությունների դեպքերը, որոնք թեև անընդհատ քննարկվում են և դրանց դեմ պայքարի միջոցներ են ձեռնարկվում, սակայն փաստն այն է, որ դրանք գնալով ավելանում են:

2577 | 0
Facebook