Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Երկարատև անքնության ծանր հետևանքները

22:10, կիրակի, 19 ապրիլի, 2015 թ.
Երկարատև անքնության ծանր հետևանքները

Անքնությունը, որով այսօր տառապում է մոլորակի չափահաս բնակչության մեծ մասը, իրականում շատ ավելի լուրջ առողջական վտանգների առաջ կարող է կանգնեցնել, քան հոգնածությունն ու գլխացավերն են: Ներկայացնում ենք դրանիցից մի քանիսը.

Արտաքին տեսքի փոփոխություն

Քնի պակասը շատ վատ է անդրադառնում արտաքին տեսքի վրա՝ սփրթնած դեմք, բերանի կախված անկյուններ, այտուցված կոպեր և այլն: Բացի այդ, երկար ժամանակ արթուն մնացածներն ունենում են հոգնած, դժբախտ դեմք:

Հարբածության վիճակ
     Անքուն մարդու վիճակը շատ նման է հարբած մարդու վիճակին: Ապացուցված է, որ 18 ժամ արթուն մնացած մարդու վիճակը համապատասխանում է արյան մեջ 0,05% ալկոհոլ պարունակող մարդու վիճակին: Իսկ պարբերական անքնությունը կարող է հանգեցնել ցրվածության, մտածողության վատացման, ռեակցիայի դանդաղեցման:

Ստեղծագործական հակումների կորուստ

Գիտնականները վստահեցնում են՝ եթե դուք ցանկանում եք ինչ-որ հոյակապ նախագիծ սկսել և դրա համար տրվում եք անքնության, ապա ձեր հնարավորությունները գրեթե հավասարվում են զրոյի հենց անքնության պատճառով:

Զարկերակային ճնշման բարձրացում

Ավելի ու ավելի են շատանում այն պնդումները, որ չքնողների մոտ զգալիորեն բարձրանում է զարկերակային արյան ճնշումը: Բացի այդ, անհրաժեշտ չափով չքնող հիպերտոնիկների մոտ կտրուկ բարձրանում է արյան ճնշումը:

Ինտելեկտուալ հնարավորությունների նվազեցում

Բացի այն, որ անքնությունից նվազում են ինտելեկտուալ կարողություները, նաև վատանում է հիշողությունը, ինչը կարող է վատ անդրադառնալ թե´ անձնական կյանքի, թե´ մասնագիտական հնարավորությունների վրա:

Հիվանդությունների հավանականության աճ

Քնի ժամանակ մարդու իմունային համակարգն արտադրում է ցիտոկին-սպիտակուցներ, որոնք այնուհետև «պայքարում են» տարատեսակ վարակների դեմ: Իրեն քնից զրկող մարդը նվազեցնում է իրեն պաշտպանող սպիտակուցների քանակն ու հիվանդանում տարատեսակ վարակներից:

Վաղաժամ ծերացում

Ծերության դեմ բոլոր թանկարժեք ու հուսալի միջոցներն անզոր են, եթե օրգանիզմը չի քնում այնքան, որքան իրեն անհրաժեշտ է: Անքնությունից առաջացած սթրեսն ավելացնում է կորտիզոլ հորմոնի արտադրությունը: Այն ավելացնում է մաշկային ճարպի սեկրեցիան և նպաստում մաշկի ծերացմանը: Քունը կարևոր դեր է խաղում մաշկի վերականգնման համար:

Ավելորդ քաշ

Բացի վերոնշյալներից, լիարժեք քուն չվայելող մարդը հակված է գիրացման: Բազմաթիվ թեստերն ապացուցել են, որ օրական 4 ժամից քիչ քնողները 73%-ով առավել շատ են հակված գիրացման: Եվ ամեն ինչում մեղավոր են կրկին հորմոնները: Մարդու գլխուղեղում քաղցը կարգավորվում է գրելին և լեպին հորմոնների միջոցով: Գրելինն ուղեղին ազդակներ է հաղորդում, երբ օրգանիզմը սնվելու կարիք ունի: Իսկ լեպտինն, ընդհակառակը, արտադրվելով ճարպային հյուսվածքում, նվազեցնում է ախորժակն ու առաջացնում հագեցման զգացողություն: Երբ մարդը հոգնում է, ապա գրելինի մակարդակն արյան մեջ ավելանում է, իսկ լեպտինի մակարդակը՝ նվազում:

Մրսելու զգացում

Քնից զրկվելը դանդաղեցնում է նյութափոխանակությունը, ինչն էլ, իր հերթին, նվազեցնում է մարմնի ջերմաստիճանը: Արդյունքում մարդն սկսում է մրսել:

Հոգեկան խանգարումներ

Նորմալ քուն չվայելող մարդիկ, ըստ վիճակագրության, 4 անգամ առավել շատ են հակված հոգեկան տարատեսակ խանգարումների, քան նորմալ հանգիստ վայելող մարդիկ: Իսկ երկարատև անքնությունը կարող է անգամ հանգեցնել ինքնասպանության հակման:

Ոսկորների կոտրվածքներ

Մկների վրա արված փորձարկումներն ապացուցել են, որ 72-ժամյա անքնությունից փոփոխվում է ոսկրային հյուսվածքի հանքանյութային խտությունը: Ենթադրելի է, որ նույն բանն էլ կատարվում է մարդկանց ոսկրային հյուսվածքների պարագայում:

Անուշադրություն ու անփութություն

Բժշկական գիտությունների դոկտոր Քլեթ Քուշիդի հավաստմամբ՝ քնի պակասը նվազեցնում է մարդու՝ իրականության զգացողությունը, բթացնում ռեֆլեքսները: Այլ կերպ ասած՝ մարդը դառնում է անփույթ ու անուշադիր:

Էմոցիոնալ անկայունություն

Անքնությունից մարդիկ դառնում են դյուրագրգիռ, անհանգիստ ու վախկոտ, ինչն էլ հանգեցնում է հոգեկան անկայուն վիճակի:

Կյանքի տևողության կրճատում

Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տալիս, որ նույնիսկ կանոնավոր բնույթ չկրող անքնությունը ավելացնում է մահացության հավանականությունը, իսկ եթե դրան ավելացնենք անքնությունից առաջացած ճարպակալումը, դեպրեսիաները, հոգնածությունն ու աշխատանքային ծանրաբեռնվածությունն, ապա օրական 6 ժամից քիչ քնող մարդկանց մոտ 4 անգամ ավելի է մեծանում ապագա 14 տարիների ընթացքում կյանքին հրաժեշտ տալու հավանականությունը:

16676 | 0
Facebook