Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Հին Կտակարանի որոշ թարգմանություններում Եվան ոչ թե խնձոր է կերել, այլ նուռ. հետաքրքիր փաստեր նռան մասին

19:01, կիրակի, 29 մարտի, 2015 թ.
Հին Կտակարանի որոշ թարգմանություններում Եվան ոչ թե խնձոր է կերել, այլ նուռ. հետաքրքիր փաստեր նռան մասին

Հին Հռոմում նուռը 2 անվանում է ունեցել` «malum granatum»` «հատիկավոր խնձոր» և «malum punicum»` «փյունիկյան խնձոր»: Իսկ փյունիկցիներն այդ ժամանակ ապրելիս են եղել Հյուսիսային Աֆրիկայում ու մի քանի գաղութ են ունեցել այնտեղ` այդ թվում և՝ Կարթագենը: Այդ ժամանակ կարծիք կար, որ աշխարհի ամենահամեղ նուռն աճում է հենց Կարթագենում:

Նռան պտուղները հետաքրքիր յուրահատկություն ունեն. դրանց հասունացման ճիշտ ժամանակը դժվար է գուշակել: Այդ պատճառով հաճախ կարելի է գտնել նռան ծառեր` տարին բոլոր չհավաքված բերքով: Թերևս դա է պատճառը, որ նուռը պտղաբերության ու առատության խորհուրդ ունի: Այն համարվում է Հայաստանի ազգային խորհրդանիշներից մեկը:

Հին հունական առասպելի համաձայն` Դեմետրան իր կորած դստերը` Պերսեփոներին, գտել է Հադեսի ստորգետնյա թագավորությունում: Հադեսը համաձայնել է ազատ արձակել Պերսեփոնեին` մի պայմանով. նա աղջկան նռան հատիկ է տվել, ու պահանջել, որ նա կուլ տա այն: Պերսեփոնեն, որ մինչ այդ ամեն ինչից հրաժարվել էր, ստիպված կուլ է տվել հատիկն ու հայտնվել Հադեսի ծուղակում: Նա ամեն տարի պետք է վերադառնար Հադեսի թագավորություն: Պերսեփոնեի` ստորգետնյա աշխարհ վերադառնալու ժամանկահատվածը խորհրդանշել է աշնան ու ձմռան գալուստը:

Հնում մարդիկ բազմաթիվ առասպելներ են կապել նռան հետ: Նրանք վստահ են եղել, որ նռան առաջին շիվը տնկել է Աֆրոդիտեն` Կիպրոսում, որտեղ այսօր նուռը հարստության խորհրդանիշ է համարվում: Հին Հունաստանում նռան ծաղիկը խորհրդանշել է մեծ ու կրքոտ սերը, իսկ հատիկը` ամուսնական հավատարմությունը: Հերա աստվածուհին` ամուսնությունների հովանավորը, միշտ պատկերվել է նուռը ձեռքին:

Հին հույներից առաջ նուռն աստվածացրել են նաև հին եգիպտացիները: Նռան հյութը եգիպտացի փարավոնների աստվածային ըմպելիքն է եղել, որ կազդուրել է մարմինն ու ամրապնդել հոգին: Հանգուցյալ փարավոնների դամբարաններում միշտ նուռ է դրվել:

Նռան մասին 3 անգամ հիշատակվում է մահմեդականների սուրբ գրքում` «Ղուրանում»` 2 անգամ` որպես Ալլահի տված բարիք, 1 անգամ ` որպես դրախտային պտուղ: Ատելությունից ու նախանձից ձերբազատվելու համար Մուհամեդ մարգարեն խորհուրդ է տվել նուռ ուտել:

Դեռևս ոչ ոք չի ապացուցել, որ նուռը մաքրում է հոգին, բայց այն, որ օրական 2 բաժակ նռան հյութն ապահովում է մեր օրգանիզմին անհրաժեշտ վիտամին C-ի օրական նորման, գիտականորեն ապացուցված փաստ է:

Հին Կտակարանի հունարեն ու լատիներեն թարգմանություններում նշվում է, որ Եվան ոչ թե խնձոր է կերել, այլ հենց՝ նուռ:

16-րդ դարում ստեղծվել է մետաղական մի զենք, որ նռան տեսք է ունեցել: Այդ զենքը ժամանակակից նռնակի նախատիպն է եղել:

31550 | 1
Facebook