Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«New York Times»-ի անդրադարձը Բորիս Նեմցովի սպանությանը

16:21, շաբաթ, 28 փետրվարի, 2015 թ.
«New York Times»-ի անդրադարձը Բորիս Նեմցովի սպանությանը

Ամերիկյան «New York Times» պարբերականն անդրադարձել է ՌԴ ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությանը՝ առաջնահերթ նշելով, որ ոչ միայն ընդդիմադիր գործիչ է սպանվել, այլև երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հիմնական քննադատներից մեկը:

«Մոսկվայի կենտրոնում սպանվել է ՌԴ նախագահ Պուտինի հիմնական քննադատներից մեկը՝ Բորիս Նեմցովը, ում քաղաքական կարիերան ավելի քան 20 տարվա պատմություն ունի: Նեմցովը սպանվեց հենց այն օրվա նախաշեմին, երբ պատրաստվում էր հրապարակայնորեն դեմ դուրս գալ Ուկրաինայում մղվող պատերազմին: Այդ ամենը կրկին ջրի երես հանեց Ռուսաստանի կառավարության վարած քաղաքականության իսկությունը, որն առանց այդ էլ չէր փայլում իր համբավով:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցեց Նեմցովի հարազատներին՝ այդ քայլը որակելով որպես պատվիրված և սադրիչ բնույթ կրող: Սակայն Ռուսաստանի քաղաքական և հասարակական մի շարք գործիչներ պնդում են, որ հենց գործող իշխանություններին էր ձեռնտու վերացնել Նեմցովին՝ երկրում «հանգիստ» վիճակ պահպանելու համար: Մասնավորապես, ընդդիմադիր նախկին պատգամավոր Գենադի Գուդկովը «Թվիթեր»-ի իր էջում գրել է. «Նրանք սկսել են սպանել «ազգի թշնամիներին»: Նեմցովը սպանված է: Տեսնես՝ ո՞վ է լինելու հաջորդը»:

Նեմցովի սպանությունը քննադատությունների լայն ալիք բարձրացրեց նաև արտասահմանյան առաջնորդների շրջանում: Նեմցովի սպանությունը դատապարտեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ովքեր նշել էին, որ հիանում են վերջինի խիզախությամբ, իսկ Ֆրանսիայի նախագահ ֆրանսուա Օլանդը Նեմցովին անվանել էր Ռուսաստանում ժողովրդավարության իրական ջատագով»,- նշում է պարբերականը:

Աղբյուրը հաղորդում է նաև, որ Նեմցովը «քաջություն է ունեցել» երկրի նախագահին քննադատել հրապարակայնորեն և շարունակաբար, իսկ Ուկրաինայում բռնկված պատերազմի պատճառ անվանել ՌԴ կառավարության վարած քաղաքականությունը: 2011թ. իր հարցազրույցներից մեկում Նեմցովը նույնիսկ հայտարարել էր. «Ես սիրում եմ Ռուսաստանը և ցանկանում եմ նրան լավագույն կարգավիճակում տեսնել: Իմ կողմից Պուտինի պես մարդկանց քննադատելը հայրենասիրություն է, քանի որ այդ մարդիկ Ռուսաստանը կործանման են տանում»:

Նշենք նաև, որ օրեր առաջ «Սոբեսեդնիկ»-ին տված հարցազրույցներից մեկում Նեմցովն, անդրադառնալով իր քաղաքական գործունության պատճառով իրեն սպառնացող վտանգին, նշել էր. «Մայրս ինձ պարբերաբար ասում է. «Բավակա՛ն է բարկացնես Պուտինին, նա մի օր սպանելու է քեզ: Այս ամենն արդեն շատ լուրջ բնույթ է սկսել կրել»»:

6026 | 0
Facebook