«Վերջին տարիներին անընդհատ քննարկվում է, որ ծրագրի իրականացման գործընթացում ահռելի գումարներ են մսխվել: Չեմ ուզում անդրադառնալ՝ մինչ այսօր կատարված աշխատանքներում եղե՞լ են հափշտակություններ, թե՞ ոչ, դրանով զբաղվում են իրավապահները: Կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ ամենաբարձր օժանդակությունը կցուցաբերեմ իրավախախտումները բացահայտելու հարցում, կանեմ ամեն ինչ, որ խախտումները բացառվեն ընդհանրապես»,- Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման վերաբերյալ հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը: Նախարարն անդրադարձել է նաև հասարակությանը հուզող՝ ճանապարհների որակի հարցին. «Երևան-Արտաշատ, Երևան-Աշտարակ առաջին տրանշում հայտնաբերվել են թերություններ, որոնք վերացվել են ու վերացվում են: Պաշտոնապես հայտարարում եմ, որ և՛ շինարարները, և՛ ինժեներները, և՛ տեխհսկողները, բոլորը հավասարապես պատասխան են տալու որակի համար»:
Ծրագրի ամբողջական արժեքի մասին հնչում են տարբեր թվեր, նախարարն ասաց, որ վերջնական արժեքը կարող է հայտարարվել այն ժամանակ, երբ պատրաստ կլինեն ճանապարհի նախագծանախահաշվային փաստաթղթերն ու ավարտված կլինեն բոլոր աշխատանքները: