Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն այդ երկրի ներքին գործն են: Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Կրեմլը տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման սպառնալիք չի համարում Հայաստանում տեղի ունեցող ցույցերը:
«Դա բացառապես Հայաստանի ներքին գործն է»,- ասել է Պեսկովը:
Ընդ որում, նա նշել է, որ ՌԴ-ն ուշադիր հետևում է այդ իրադարձություններին:
«Հայաստանը մեր մոտ դաշնակիցն է, Հայաստանի հետ մենք սերտ հարաբերություններ ունենք, այն ԵԱՏՄ անդամ է: Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է այդ երկիրը, մենք շատ ուշադիր հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին»,- հավելել է Պեսկովը:
Այն հարցին, թե ո՞ր դեպքում Մոսկվան պատրաստ կլինի միջամտել, Պեսկովը պատասխանել է.
«Իսկ ինչո՞ւ Մոսկվան պետք է միջամտի»: