Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բումերանգ» երգով Միշան եվրոտեսիլյան բեմից բարության կոչ կհղի

19:10, երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
«Բումերանգ» երգով Միշան եվրոտեսիլյան բեմից բարության կոչ կհղի

Հայտնի է այն երգը, որով «Մանկական Եվրոտեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին կներկայանա hայաստանյան պատվիրակ Միշան (Միքայել Գրիգորյան): Երգի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերի հեղինակներ՝ Ավետ Բարսեղյան, Դավիթ Ծերունյան, Արթուր Աղեկյան: Երգը կրում է «Բումերանգ» խորագիրը:

Փոքրիկ Միշան իր այս մրցութային երգով ևս մեկ անգամ կփորձի բարություն տարածել համայն աշխարհում: Նա վստահ է՝ բումերանգի նման բարությունն ունի մի հատկություն, որը ուշ թե շուտ վերադառնում է մարդուն: «Շատ եմ սիրում այս երգը: Երաժշտությունը մեծ էներգիա ունի, իսկ խոսքերը կարևոր հաղորդագրություն են պարունակում. այն ինչ անում ենք կյանքում, անպայման վերադառնում է: Ես կոչ եմ անում բոլորին հավատալ իրենց երազանքներին և բարի լինել միմյանց նկատմամբ»,- նշում է Միշան:
     Հիշեցնենք, որ 9-ամյա Միշան իր երաժշտական ճանապարհն սկսել է Լիրա Քոչարյանի ղեկավարած «Արցախի ձայներ» նախագծից, որի շնորհիվ հնարավորություն է ստացել ելույթ ունենալու տարբեր երկրներում պրոֆեսիոնալ երգիչների հետ միասին: «Փոքրիկ ղարաբաղցին» 2016 թ-ին մեր հայրենիքը ներկայացրել է «Մանկական նոր ալիք» երգի մրցույթում ու զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:
     Հավելենք նաև, որ «Մանկական Եվրատեսիլ-2017»-ը կանցկացվի 15-րդ անգամ՝ “Shine Bright” («Շողա պայծառ») նշանաբանի ներքո: Բացի Հայաստանից կմասնակցեն ևս 15 երկրների ներկայացուցիչներ՝ Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա և մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Վրաստան:

«Բումերանգ» երգով Միշան եվրոտեսիլյան բեմից բարության կոչ կհղի
8968 | 12
Facebook