Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՌԴ-ում աշխատող հայ վարորդներն անելանելի վիճակում են. արտոնյալ են միայն բելառուսները

10:15, չորեքշաբթի, 21 հունիսի, 2017 թ.
ՌԴ-ում աշխատող հայ վարորդներն անելանելի վիճակում են. արտոնյալ են միայն բելառուսները
     «Հայկական ժամանակ»-ը գրում է. «ՌԴ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության» մասին օրենքում և «Վարչական պատասխանատվության» օրենսգրքում կատարված փոփոխությունները խնդիրներ են առաջացրել Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների համար:
     ՌԴ-ում որպես վարորդ աշխատող Արմեն Մելիքսեթյանը armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ օրենքը ուժի մեջ է մտել 2017 թվականի հունիսի 1-ին, որի հետեւանքով ՀՀ վարորդական իրավունքի վկայական ունենալը բավարար չէ ՌԴ-ում տնտեսական գործունեություն ծավալելու համար: Մեր զրուցակիցն ասաց, որ օրինակ, տաքսի վարելու համար պետք է քաղաքացին անպայման ունենա ռուսական վարորդական իրավունքի վկայական, հակառակ դեպքում տաքսի ծառայությունը մատուցող ընկերությանը տուգանում են 50 հազար ռուբլու չափով: Սակայն նույն քաղաքացին առանց ռուսական վարորդական իրավունքի վկայականի (իր երկրի վարորդական իրավունքի վկայականով) իր ընտանիքի անդամներին կարող է անձնական մեքենայով անարգել տեղափոխել:
     «Չնայած ներքին հրահանգ կա, որ ռեյդեր չիրականացվեն, համատարած չանեն դա, բայցեւայնպես մարդկանց եւս տուգանում են»,- ասաց Արմեն Մելիքսեթյանը՝ նշելով, որ օրենքում փոփոխությունները նախատեսված են եղել դեռևս 2013 թվականին ազգությամբ հայ Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ ողբերգական վթարից հետո: 2013 թվականից հետո ամեն տարի մեկ տարով հետաձգվել է օրենքը ուժի մեջ մտնելու դրույթը, սակայն այս տարի մտել է ուժի մեջ:
     Հայ վարորդը նկատում է, որ Բելառուսի քաղաքացիների դեպքում օրենքը վերանայվել է, քանի որ Բելառուսի կառավարության անդամները դիմել են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին, որն էլ Բելառուսի քաղաքացիների մասով օրենքի գործածությունը կասեցրել է:
     «Ո՛չ Տիգրան Սարգսյանը, ո՛չ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, ո՛չ Արա Աբրահամյանը՝ իր Համաշխարհային հայկական կոնգրեսով ոչ մի բան չեն ձեռնարկում»,- հուսահատ ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ կարծում են, որ միայն դիվանագիտական մակարդակով հնարավոր կլինի խնդիրը լուծել:
     Արմեն Մելիքսեթյանի խոսքով՝ ՌԴ-ում տաքսի վարելու համար հարկավոր է առնվազն երկու տարվա վարորդական փորձ: Բայց, եթե մարդիկ գնան ավտոդպրոց, քննություն հանձնեն ռուսական վարորդական իրավունքի վկայական ստանալու համար, ապա իրենց ստաժը հաշվարկվելու է վարորդական իրավունքի վկայական ստանալու օրվանից սկսած: Դա նշանակում է, որ մարդիկ երկու տարի չեն կարողանալու տաքսի վարել, ասել է թե`օրվա հացի խնդիր լուծել:
     Մինչ 2017 թվականի հունիսի 1-ը ՀՀ քաղաքացիներն իրենց ներպետական վարորդական իրավունքի վկայականով անարգել տնտեսական գործունեություն են ծավալել ՌԴ-ում: 1968 թվականի նոյեմբերի 8-ին Վիեննա քաղաքում ստորագրված «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող Հայաստանի Հանրապետության ազգային և միջազգային վարորդական վկայականները վավեր են կոնվենցիայի անդամ (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, մասնավորապես՝ ՌԴ-ում) բոլոր երկրներում:
     ՀՀ Ճանապարհային ոստիկանությունն այս հարցի վերաբերյալ ավելի վաղ պարզաբանում էր տրամադրել, որում ասված էր. «… ինչ վերաբերում է որեւէ երկրի տարածքում անմիջականորեն տրանսպորտային միջոց վարելու հետ կապված ձեռնարկատիրական և (կամ) աշխատանքային գործունեության իրականացմանը (օրինակ՝ տաքսու կամ երթուղային ավտոբուսի վարորդ կամ առաքիչ աշխատելը), ապա այդ դեպքում վարորդական վկայականի կիրառության հարցը կարգավորվում է տվյալ երկրի օրենսդրությամբ»:
     Մանրամասները՝ թերթի համարում։
5716 | 0
Facebook